«Արցախի հարցի առումով առանձնապես մեծ փոփոխություններ պետք չէ սպասել Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծում». Ստյոպա Սաֆարյան

«Ռիսկեր միշտ գոյություն ունեն ցանկացած իրավիճակում։ Այնպես չէ, որ ռիսկեր գոյություն չունեին, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր դառնում»,- այսօր «Մեդիա կենտրոնում կազմակերպված «Արտաքին քաղաքականության մարտահրավերները թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Քաղաքագետը նկատեց՝ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ ինքն ու իր քաղաքական թիմը մնում են «ո՛չ-ո՛չ»-ի կողմնակից. «Այսինքն՝ ո՛չ լիարժեք ինտեգրացիա ԵՄ-ի, և ո՛չ էլ ԵՏՄ-ի հետ։ Այս պլատֆորմի շրջանակներում Փաշինյանը քննադատել է և՛ Հայաստանի և ԵՄ-ի միջև ասոցիացման համաձայնագրի տապալումը, որը անդամակցություն չէր, բայց պետք էր Հայաստանին, և՛ դեմ է քվեարկել ԵՏՄ-ին անդամակցությանը։ Փաշինյանի այս դիրքորոշումն արտացոլվել էր նաև «Ելքի» նախընտրական ծրագրում։

Իրենք իրենց ծրագրում սխալ էին համարել ԵՏՄ-ին անդամակցությունը, բայց դուրս գալու մասին թեզ չկար, այսինքն՝ կար խնդրի արտացոլումը, բայց լուծումը չկար։ Ուշադրություն դարձրեք նախորդ տարի «Ելքի» կողմից շրջանառության մեջ դրված նախագծի ձևակերպմանը՝ «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ։

Այստեղ էլ մենք տեսնում ենք ճկունություն և զգուշավորություն։ Այնպես չէ, որ ԱԺ-ում այս մասին չգիտեին, և փորձում էին ցույց տալ, թե Փաշինյանը 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումները»։

Հետևաբար, Սաֆարյանը չի կարծում, թե արտաքին քաղաքականության առումով որևէ փոփոխություն կլինի. «Եթե արմատական փոփոխություններ չկան արտաքին քաղաքական գծում, ապա առնվազն մենք կունենանք այն ռիսկերը, որոնք մեզ թողել է ՀՀԿ-ն։ Հակառակը, ես կարծում եմ, որ Հայաստանի և նոր կառավարության հնարավորությունները կավելանան, որովհետև սա բավականին նոր հնարավորություններ է բերել Հայաստան։ Նաև Արցախի հարցի առումով առանձնապես մեծ փոփոխություններ պետք չէ սպասել Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծում»։

Տեսանյութեր

Լրահոս