«ՀՀ-ում համակարգային փոփոխության ներդրումը շատ ավելի մարտահրավերային է լինելու, քան միայն կառավարության ղեկավարի փոփոխությունը». Սթրոնսկի

«Հայ հասարակությունը հոգնել է սովորական դարձած քաղաքականությունից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի» (ԱՄՆ) առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով ներհայաստանյան քաղաքական զարգացումներին:

Փոլ Սթրոնսկիի կարծիքով, պարզվեց, որ հայ հասարակությունը ցանկանում է համակարգային փոփոխություններ: «Երեք տարի առաջ, երբ նոր սահմանադրական կարգն ընդունվեց, ասվեց, որ Սերժ Սարգսյանը չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, բայց այդ խոստումը չպահպանվեց, և նա դարձավ վարչապետ: Ըստ իս, այս բողոքների բռնկման կայծը դարձավ այն, որ այդ խոստումը խախտվեց: Բողոքական շարժման ուժգնությունը, կարծես, վարակել է բոլորին` Կառավարությանը, ընդդիմությանը և Հայաստանի գործընկերներին դրսում` անակնկալ կերպով»,- ասաց Սթրոնսկին:

Նա նշեց, որ թվում է՝ հայ հասարակությունը հոգնել էր սովորական դարձած քաղաքականությունից և փոփոխություն էր ցանկանում: «Նման տրամադրությունները հատուկ են Հայաստանին: Վերջերս հաճախ ենք տեսել ողջ աշխարհում իրենց հասարակությունների կողմից մերժված քաղաքական գործիչների հաստատում, ուստի հայաստանյան որոշ զարգացումներ կապված են պոպուլիզմի գլոբալ պայթյունի հետ` ստատուս-քվոյի մերժում, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալ-տնտեսական անհավասարությունից դժգոհություն; Եվ Հայաստանում կար խարիզմատիկ գործիչ` Նիկոլ Փաշինյանը, ով ուղղեց այդ տրամադրությունները դեպի շարժում:

Ներկայումս այս շարժումը Սերժ Սարգսյանից առաջ է անցել՝ պարտադրելով ավելի լայն` ողջ քաղաքական համակարգի փոփոխություն` Կառավարություն և օլիգարխիա:

Սրանք վեհ գաղափարներ են, բայց ես չեմ լսել, թե ինչպես է բողոքական շարժումն ու ընդդիմությունը պատրաստվում ներդնել համակարգային փոփոխությունն իշխանության գալու դեպքում:

Եթե իշխանության գալը տեղի է ունենում ընդդիմությունից ժամանակավոր վարչապետի ընտրության միջոցով, ապա ընդդիմությանն անհրաժեշտ է լինելու դադարեցնել գործարքները բոլոր ուժերի հետ, կամ՝ ՀՀԿ մի շարք անդամներ, ՀՅԴ-ն կամ ԲՀԿ-ն պետք է աջակցեն նրանց: Այս բոլոր խմբերն ունեն շահեր, որոնք ցանկանում են պահպանել: Ուստի համակարգայհին փոփոխության ներդրումը շատ ավելի մարտահրավերային է լինելու, քան միայն կառավարության ղեկավարի փոփոխությունը»,- ասաց Փոլ Սթրոնսկին:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս