«ՔՊ»-ն չի միացել Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը նախօրեին հայտարարություն էր տարածել, որով պահանջում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Բայց հայտարարությունը սկզբում այլ կերպ էր, հետո խմբագրվեց։

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երեւան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երեւան քաղաքի իշխանությունը եւս պետք է փոխվի։

«Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը»,- գրել էր նա։

Կարճ ժամանակ անց ճշգրտում մտցրին այս հայտարարության մեջ՝ «Ելք» խմբակցության որոշ անդամներ, ոչ բոլորը։ Պարզվեց՝ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի տվել իր համաձայնությունն այս հարցում ու չի միացել այս պահանջին։

Հետեւաբար, հայտարարությունն արդեն ներկայացվեց դաշինքի անդամ մյուս երկու կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի» ու «Հանրապետության» անդամների անունից։ Երեւանի ավագանու անդամ, «ՔՊ» ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն այս առնչությամբ ասաց․

«Դա «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցության անդամների հայտարարությունն է, դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունը չէ, դրա համար գրված է՝ որոշ անդամներ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը»։ Իսկ իրենք ինչպե՞ս են վերաբերվում իրենց գործընկերների այս պահանջին։ Սիմոնյանն ասաց․ «Չեմ վերաբերվում։ Չունենք դիրքորոշում, մենք դա չենք քննարկել, մեր օրակարգում նման հարց այս պահին չկա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս