«Ժողովրդի թեկնածուն դառնալու է վարչապետ». Արարատ Միրզոյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօրվա հանրահավաքին ասաց, որ, երբ ձերբակալված էին, իրենց այցելել է վարչապետ Կարեն Կարապետյանը, և պայմանավորվել են, որ 2 ժամվա մեջ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, ինչը եղավ.
«Մենք պայմանավորվեցինք, որ ապրիլի 24-ը լինելու է ապրիլի 24, ինչը եղավ։ Եվ մենք պայմանավորվեցինք, որ ապրիլի 25 առավոտյան պետք է հանդիպենք՝ բանակցելու, և դրանից ժամեր անց, երբ մենք նրան ներկայացրինք մեր բանակցային կազմը՝ Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան, և առաջարկեցինք, որ 3 հոգի էլ գան իրենցից, Կարեն Կարապետյանը հրաժարվեց և դուրս եկավ բանակցություններից»։
Նա հայտարարեց, որ Կարեն Կարապետյանն ուզում էր բանակցություններին միայնակ գալ. «Նա ուզում էր մեզ ցույց տալ, թե իբր վայելում է ՀՀԿ-ականների աջակցությունը, նրանց առաջնորդն է, նա ուզում էր ՀՀԿ-ականներին ցույց տալ, թե նա է միակ մարդը, ում հետ մենք կարող ենք խոսել, և նա ուզում էր աշխարհին ցույց տալ, թե նա է այն մարդը Հայաստանում, որ կարողանում է իրավիճակին տիրապետել։ Ակնհայտ է, որ այդ երեքից ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում։
Ես հասկանում եմ՝ Կարեն Կարապետյանն ուզում է լինել վարչապետ, բայց ժողովուրդն այլ պլաններ, վարչապետի այլ թեկնածու ունի, և ժողովրդի թեկնածուն դառնալու է վարչապետ։ Հայաստանում ՀՀԿ-ականների իշխանություն չի լինելու։ ԱԺ բոլոր մյուս խմբակցությունները միացել են այս շարժմանը և փաստացի աջակցություն հայտնել ժողովրդի թեկնածուին»։