««Վստահ եմ, որ իրավապահ համակարգը կարձագանքի Առաքել Մովսիսյանի արարքին». Գևորգ Կոստանյան
Ճանապարհները փակվելու դեպքում պետությունը ինքն է որոշում՝ արդյոք անօրինակա՞ն էր դրանց փակումը թ՞ե ոչ, այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր, Պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով պետությանը տրվում է հայեցողություն ինքնուրույն գնահատել, թե արդյոք որոշակի ժամանակահատվածում ճանապարհի փակվելը պարալիզացրել է երթևեկությունը, թե ոչ և ինչ հետևանքներ է առաջացրել։
«Չափանիշը հետևյալն է՝ արդյոք դա հանգեցնելու է տևական ժամանակ մարդու իրավունքների խախտումների», – ասել է Կոստանյանը ու հիշեցրել Թուրքիային վերաբերող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերից մեկը, երբ ճանապարհը փակելը ցուցարարների կողմից դիտվել էր մարդու իրավունքների խախտում։
Հարցազրույցը վարող լրագրողը հետաքրքրվեց, թե եթե վատ բան է ճանապարհ փակելը, ինչո՞ւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը երեկ ճանապարհը փակելու համար որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Ի պատասխան Կոստանյանը ասաց. «Ես, անկեղծ ասած, տեղյակ չեմ և այնպես չի, որ ամբողջ օրը նստած բոլոր տեսանյութերը նայում եմ։ Եթե նման բան եղել է, վստահ եմ, որ իրավապահ համակարգը անպայման կարձագանքի դրան»։