«1988 թվականին, մենք՝ բոլորս, այդ թվում՝ նաև Սերժ Սարգսյանը, եղել ենք նույն շարժման մեջ, և մենք առևտուր չէինք անում». Հովհաննես Իգիթյան
168.am-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
– Պարոն Իգիթյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
– Որքան տեղյակ եմ, այս հանդիպումը եղել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Գտնում եմ՝ Սերժ Սարգսյանը շատ սխալ սկսեց խոսակցությունը: Իմ կարծիքով՝ Մարտի 1-ի մասին խոսելիս՝ ցանկացած իշխանության ներկայացուցիչ, հատկապես՝ Սերժ Սարգսյանը, որը եկել է իշխանության՝ շնորհիվ Մարտի 1-ի, եթե խոսում են Մարտի 1-ի մասին, միայն զղջալով և ներողություն խնդրելով պետք է խոսեն, այլ ոչ թե՝ որպես սպառնալիք: Իմ առաջին տպավորությունն այն էր, որ Սերժ Սարգսյանն այդ նախադասությունն օգտագործեց՝ որպես սպառնալիք:
Ինքն ուզում էր ասեր, որ՝ մենք կօգտագործենք ուժ և զենք, արյուն կթափենք: Ինձ թվում է՝ սա կոպիտ սխալ էր: Խոսքը 7 տոկոս ձայներ հավաքած խմբակցության մասին չէ, պետք է քննարկվի այսօրվա իրավիճակը՝ անհնազանդություն, ով՝ ինչպես ուզում է, թող հաշվարկի՝ 20 հազար մարդ, 100 հազար մարդ, ավե՞լ, թե՞ պակաս, դա էական չէ, այս իրավիճակում Սերժ Սարգսյանը չի կարող հանգիստ իշխել այն ձևով, ինչպես իշխել է շատ երկար ժամանակ: Եթե Սերժ Սարգսյանը չի կարող ժողովրդի հետ խոսել, ինչպե՞ս կարող է նա ադրբեջանցիների հետ խոսել: Սա ամենաանհաջող բանակցություններն էին Սերժ Սարգսյանի կարիերայի մեջ:
– Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգի մասին: Նիկոլ Փաշինյանն էլ պատրաստակամ չէ ինչ-որ մի բան իր ներկայացրած օրակարգում զիջել և երկխոսությունների սեղանին նստել: Նրա այս արմատական դիրքորոշումն ինչպե՞ս եք գնահատում, ո՞ւր կտանի այս ամենը:
– Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում՝ այս փուլում ինչ-որ քաղաքական օրակարգ ներկայացնել: Այն 3-4 կետերը, որ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը, լրիվ բավարար է այս էտապի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը թող հիշի Ղարաբաղյան շարժումը, երբ ինքը Լեռնային Ղարաբաղում էր փողոցում, մենք էլ՝ այստեղ: Մենք այն ժամանակ հանդիպում էինք Կոմունիստական կուսակցության լիդերների հետ, բայց ծրագիր չէինք դնում, եղել են կոնկրետ պահանջներ՝ իրավիճակի հետ կապված, այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը: Խոսքը նրա մասին է, որ այս վերջին ժամանակների իրավիճակը գնում էր Սերժ Սարգսյանի գնալու հետ կապված, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ-ին հաջողվեց անցկացնել հանրաքվեն և հետագայում խորհրդարանական ընտրությունները, որովհետև նրանք ունեցել են Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ինքը պատրաստվում է հեռանալ պետության ղեկավարությունից: Ժողովուրդը, երբ վաճառում էր իր ձայնը, նրանք անում էին դա նրա համար, որ Կարեն Կարապետյանը լինի վարչապետ, այսինքն՝ նրանք պատրաստ էին վաճառվել Կարեն Կարապետյանի համար, այլ՝ ո՛չ Սերժ Սարգսյանի համար:
– Կարելի է ասել՝ հիմա փակուղային իրավիճակ է: Ո՞ւր են տանում այս գործընթացները, և ի՞նչ քայլեր պետք է արվեն երկու կողմից էլ, որպեսզի արյունալի հետևանքներ չլինեն:
– Ի՞նչ է նշանակում՝ արյունալի: Մենք ի՞նչ անենք, որ Սերժ Սարգսյանը բանակը և զենքը չօգտագործի: Դա մեր խնդիրը չէ, դա միջազգային իրավունքի և ՀՀ օրենսդրության պահանջն է, որ խաղաղ ցուցարարների դեմ զենք չի կարելի օգտագործել: Մարտի 1-ի դասերն իշխանությունը և Սերժ Սարգսյանը պետք է քաղեն: Ի՞նչ է ստացել Հայաստանը և իրենք Մարտի 1-ով: Հայաստանը միջազգային համբավ կորցրեց, տարբեր բանաձևեր ունեցավ՝ թե՛ Եվրախորհրդի, թե՛ ԵՄ-ի, թե՛ Պետդեպարտամենտի: Եթե Սերժ Սարգսյանը փորձի Հայաստանում բռնապետական մեթոդներով ժողովրդի ըմբոստությունը ճնշել, ապա ինքը խնդիր կունենա միջազգային ասպարեզում, էլ չեմ ասում՝ ԼՂՀ հարցում:
– Այսինքն՝ Ձեր տպավորությամբ՝ ստեղծված իրավիճակում միակ ելքը Սերժ Սարգսյանի հրաժարակա՞նն է:
– Այո, որովհետև դա իր առաջարկած պայմանն էր, ոչ ոք իրեն չէր ստիպել նման բան ասել:
– «Ելք» դաշինքի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսում է երրորդ ճանապարհի մասին: Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ մասին է խոսքը, և արդյոք կա՞ն այլ ելքեր այս իրավիճակից:
– Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսում Էդմոն Մարուքյանը, ինքը չասաց՝ որն է դա: Իհարկե, կան 3-րդ, 4-րդ և տարբեր ճանապարհներ, բայց սա շարժում է, դա երկու կուսակցությունների կոալիցիայի մասին բանակցություններ չեն, այստեղ կա ըմբոստություն, որը գնում է դեպի քաղաքացիական անհնազանդության: Թող Սերժ Սարգսյանը հիշի 1988 թվականը, մենք՝ բոլորս, այդ թվում՝ նաև Սերժ Սարգսյանը, եղել ենք նույն շարժման մեջ և մենք առևտուր չէինք անում, ասում էինք կոմունիստական լիդերներին՝ կա՛մ լուծեք խնդիրը, կա՛մ հեռացեք: Հիմա էլ է այսպես իրավիճակը: Ես մի բան գիտեմ, որ «Ելքը» նախընտրական քարոզարշավի ժամանակ ժողովրդին ասում էր այն, ինչ հիմա ասում է Նիկոլ Փաշինյանը, նա նոր օրակարգ չի ձևավորել, բացի այն օրակարգից, որ իրենք միասին՝ «Ելքի» բոլորի լիդերներով, առաջարկում էին ընտրությունների ժամանակ:
– Ուզում եք ասել՝ «Ելքի» մյուս երկու կուսակցություննե՞րն են շեղվել իրենց օրակարգից:
-Չգիտեմ՝ թող նրանք որոշեն՝ ինչն է փոխվել: Ես հիշում եմ «Ելքի» քարոզարշավը, և այն ժամանակ դա ասվում էր: Ես լսել եմ «Ելքի» այդ ներկայացուցիչների ելույթները խորհրդարանում, որտեղ նրանք Սերժ Սարգսյանին ասում էին, որ ինքը պետք է գնա: Հիմա գնալու ձևեր իրենց խմբակցության մեջ թող որոշեն, սա իմ և ժողովրդի խնդիրը չէ:
Հ. Գ. Նշենք, որ մեր զրույցից հետո քայլերթի ժամանակ բերման են ենթարկվել մի շարք ցուցարարներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը: