Մեծ Բրիտանիան հուսով է, որ Սիրիայի դեմ նոր հարվածների անհրաժեշտություն չի լինի
Մեծ Բրիտանիան հուսով է, որ դաշնակիցների հետ ստիպված չի լինի նոր հարվածներ հասցնել Սիրիայի դեմ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը:
«Մենք չենք ակնկալում, որ իրադրությունը մեզ կստիպի հետագա հարվածներ հասցնել: Կարծում ենք, որ հարվածները, որոնք հասցրել ենք նախորդ գիշեր, զգալի ազդեցություն են գործել այն քայլերի վրա, որ սիրիական ռեժիմը կձեռնարկի ապագայում»,- ասել է նա:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վրա բաց են թողել ավելի քան 100 հրթիռ: Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:
Հրթիռների մեծ մասը ոչնչացվել են սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով:
Սպիտակ տունը հիմնավորել է հարձակվելու որոշումը սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպով, որտեղ, համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: