Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատապարտվեց 24 տարվա բանտարկության
Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Պակ Կըն Հեն 24 տարվա բանտարկության է դատապարտվել մեղադրանքների 18 կետով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանի՝ ապրիլի 6-ին հրապարակված դատավճռում։
Դատարանը պաշտպանեց Պակ Կըն Հեին առաջադրված մեղադրանքների մեծ մասը, ներառյալ պետական գաղտնիքի հրապարակումը, շորթումներն ու կաշառքներ ստանալը, ինչպես նաեւ իշխանության չարաշահումը: Դատավճռի հրապարակումը երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ուղիղ հեռուստաեթերում, չնայած դատապաշտպանների բողոքներին: Պակ Կըն Հեն ինքը հրաժարվել է ներկա լինել դատարանի եզրափակիչ նիստին: Նրա փաստաբաններն իրավունք ունեն մեկ շաբաթվա ընթացքում դատավճիռը գանգատարկել բարձրագույն ատյանի դատարանում:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է քաղաքական որոշումների ընդունման ընթացքին:
Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով: Պնդվում է, որ Պակ Կըն Հեն ներքաշված է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:
1916 դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ 2017 թվականի մարտի 10-ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը: Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ:
2018 թվականի փետրվարին դատարանը Չխվե Սուն Սիլին մեղավոր ճանաչեց կոռուպցիայի, դրամական շորթումների եւ իշխանության չարաշահման մեջ եւ նրան դատապարտեց 20 տարվա բանտարկության: Նա պարտավոր է տուգանք վճարել 16,6 մլն դոլարի չափով: