Վարչապետի հանձնարարականը՝ ներդնել տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ
«Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր է ներդնել տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ, որը պետք է համակցված լինի պետական էլեկտրոնային կառավարման համակարգերի հետ:
Նշված պլատֆորմի ստեղծման գործում առաջնահերթ է գույքային հարկերի հաշվառման միասնական համակարգի ներդնումը, ինչի բացակայությունը խնդիրներ է առաջացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման, վճարումների ձևերի, ինչպես նաև հավաքագրման տեսանկյունից»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա հանձնարարեց ֆինանսների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին՝ 5-օրյա ժամկետում կառավարությունում քննարկված տեղական էլեկտրոնային կառավարման միասնական պլատֆորմի ներդրմանն ուղղված գործողությունների ծրագրի և ժամանակացույցի նախագիծը, ինչպես նաև դրա կիրարկման վերաբերյալ իրավական ակտի նախագիծը ներկայացնել կառավարության աշխատակազմ:
«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին Կ.Կարապետյանը հանձնարարեց եռամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ գույքային հարկերի հաշվարկման միասնական համակարգ ստեղծելու նախագծման, կազմակերպչական, ինչպես նաև այլ աշխատանքների ուղղությամբ՝ հաշվի առնելով առաջին կետով նախատեսված գործողությունների ծրագիրը։