Վաչե Գաբրիելյանը չի կիսում Հրանտ Բագրատյանի մտահոգությունը
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն Ազգային վիճակագրական տվյալներին կասկածելու հիմքեր չի տեսնում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վիճակագրական տվյալների վերլուծության վերաբերյալ Հ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտնած մտահոգությանը, Վ.Գաբրիելյանը նշեց, որ աճը պետք է նայել համապատասխան ճյուղերով, օրինակ` ցանքատարածությունների աճ չկա, բայց աճ կա արդյունաբերության, առևտրի մեջ և այլն:
168.am-ի հարցին, որ բավականին երկար տարիների ընթացքում է ԱՎԾ-ն նման բարձր ցուցանիշներ արձանագրում, արդյոք դա պայմանավորված չէ՞ առաջիկա ընտրություններով, Վ.Գաբրիելյանը պատասխանեց. «Ճիշտն ասած` ես ընտրությունների տեսակետից որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև բոլոր ընտրությունները տեղի են ունենում Ազգային ժողովում: Չեմ կարծում, որ այդ ցուցանիշներն այս կամ այն կերպ ազդելու են ԱԺ-ում արդեն իսկ ընտրված մարդկանց կողմից նոր ընտրություն կատարելու վրա: Այդպիսով` ձեր մտավախությունը ես համարում եմ անհիմն»: