«Ես էլ իմ կոռուպցիոն քայլերն ունեմ. Եթե հեռախոսը վերցնում եմ, որևէ մեկին զանգահարում եմ, դա ինքնըստինքյան կոռուպցիա է». Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ Հայաստանում իշխանության չարաշահման շուրջ կարող են լինել տարբեր կարծիքներ, նայած, թե ինչ աչքերով են նայում: Այսօր ԱԺ-ում 168.am-ի հարցին` Հայաստանում չարաշահվո՞ւմ է իշխանությունը, ինչպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն է հայտարարել, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ ամեն ինչ իդեալական չէ, և իշխանությունը պատահական չի անում բարեփոխումները:

«Կան երևույթներ, բայց եթե համեմատության մեջ նայում ես տարիներ առաջ և աստիճանաբար մոտենանք 2017-15թթ., մենք ունենք բավականին հաջողություններ»,- ասաց Վ.Բաղդասարյանը:

Դեսպանի կողմից ԱՄՆ ներդրողների պասիվությունը կոռուպցիայի և մենաշնորհների հետ պայմանավորելու հանգամանքի վերաբերյալ Վ.Բաղդասարյանը նշեց, որ, եթե ներդրողները ցանկանում են ներդրումներ կատարել, ու ինչ-որ բան չի գոհացնում, պետք է պատճառաբանություններ լինեն: Նրա համոզմամբ` վերջին տարիների ընթացքում չկան օրինակներ, որ ներդրողները գան ու դժգոհություն հայտնեն, ավելին` ներդրողների ցանկը հետզհետե ավելանում է:

Միաժամանակ Վ.Բաղդասարյանը նկատեց, որ, բնականաբար, կարող է դժգոհություններ եղած լինեն, բայց պետք է դրանց մասին բարձրաձայնեն. «Թող փորձեն ներդրողներ բերել»:

Մեր դիտարկմանը, որ կան նաև ձախողված գործարարներ, որոնք իշխանական շրջանակների պատճառով են տուժել, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, թե պետք է ուսումնասիրվեն նման դեպքերը, և, եթե խնդիր կա, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն. «Դա չի նշանակում, որ, եթե ներդրողը գալիս է, պետք է իր կամքը թելադրի»:

Նա չհամաձայնեց, որ հովանավորչության պատճառով է, որ իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում. «Եթե հիմնավոր պատճառներ լինեն, ես բացառում եմ չպատժվելը: Եթե ուշադիր լինեք, վերջին շրջանում բավականին ներկայացուցիչներ, բացի չարաշահումները, որ վերականգնվում են, ընդհուպ՝ մինչև կալանք, քրեական գործեր հարուցվում են: Եթե կան նման դեպքեր, թող բարձրաձայնեն, մենք լինենք հետևողական: Նման երևույթները պետք է արմատախիլ անենք»:

Նրա խոսքով` իշխանությունը փորձում է պայմաններ ստեղծել` տնտեսական աճն ավելացնելու, ներդրումային դաշտն ընդլայնելու համար:

Վ.Բաղդասարյանը ցավ հայտնեց, որ կոռուպցիայի մասին խոսում են այն երկրները, որտեղ կոռուպցիան բավականին վատ վիճակում է, և դրա վառ օրինակը ԵԽ ԽՎ-ում սկանդալն է, նաև ԱՄՆ-ում կան կոռուպցիոն ռիսկեր:

Մեր հարցին` թե Հայաստանում այսօր կոռուպցիան ո՞ր շերտերում է, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ նախկինում առողջապահության ու մանկավարժության ոլորտն էին մատնացույց անում, որի հետ ինքն այնքան էլ համաձայն չէր, բայց արդեն դրական փոփոխությունները նկատելի են:

Նա կարևորեց, որ կոռուպցիան հաղթահարելու համար պետք է մտածել տնտեսական աճի, աշխատավարձերի բարձրացման մասին: Ըստ Բաղդասարյանի` չի կարելի նշել մի ոլորտ, որտեղ կոռուպցիան արմատախիլ է արվել, և բոլոր ժամանակներում ու երկրներում այդ խնդիրը կա:

«Ես ինչքան ուզում եմ ասել, որ ես ապրում եմ ազնիվ, որևէ նման բաների մեջ չեմ մտնում, բայց ես էլ իմ կոռուպցիոն քայլերն ունեմ: Եթե հեռախոսը վերցնում եմ, որևէ մեկին զանգահարում եմ, դա ինքնըստինքյան կոռուպցիա է: Կոռուպցիան լայն հասկացություն է: Ես ունեմ ընտրողներ, և չկա շաբաթ, որ հանդիումներ չունենամ, տարբեր խնդրանքներով չդիմեն ինձ: Ես, իհարկե, չեմ զանգում հանցագործների համար, զանգում եմ տարբեր բժշկության, մյուս տեղերի համար: Այդ ամեն ինչը կոռուպցիոն երևույթներ են: Կաշառքը չէ միայն կոռուպցիան: Կոռուպցիան լայն հասկացողություն է, որի սահմանումը որևէ մեկը դեռ չի տվել»,- անկեղծացավ Վ.Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս