«Երկու կողմերն էլ չպետք է իրենց այդպես պահեին». Դավիթ Հարությունյանը՝ ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին

«Ես դատապարտում եմ ցանկացած ոչ բարեկիրթ, մեր մշակույթին անհարիր գործողություններ, որոնք, ցավոք սրտի, տվյալ պարագայում տեղի են ունեցել երկու կողմերից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպին:

Հարցին՝ արդյոք իրենց մեղքի բաժինը զգո՞ւմ են կատարվածում, քանի որ խնդիրը ժամանակին լուծելու դեպքում նման բան տեղի չէր ունենա, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե այդ ձևով մոտենանք ցանկացած հարցի, նշանակում է, որ, ենթադրենք, անձինք, ովքեր անպարկեշտ արարքներ են կատարում, ովքեր կարող են իրենց թույլ տալ ավագանու նիստին կեղտաջրերով ներկայանալ, և այլն, մենք ինչ-որ քայլ կատարելով՝ փոխելո՞ւ էինք իրենց մտածելակերպը: Ես կարծում եմ, որ այդ աստիճանի պրմիտիվ չի կարելի մոտենալ հարցին: Այն, ինչ տեղի ունեցավ ավագանու նիստում, անհարիր է մեր մշակույթին: Ես կարծում եմ՝ այո՛, երկու կողմերն էլ չպետք է իրենց այդպես պահեին»:

Նրա խոսքով՝ Նուբարաշենի կոյուղու համակարգը հողի սողանքի պատճառով իսկապես վնասվել է. «Լուծումն իրականում շատ պարզ չէ: Այն լուծումը, որ հիմա է տրվում, կարծում եմ՝ ժամանակավոր է: Պետք է նշեմ, որ անցյալ տարվանից մենք ձեռնամուխ ենք եղել նախագծեր կազմելու այդ աշխատանքներին: Այս տարի պատրաստվում էինք գնում իրականացնել: Ի տարբերություն մասնավոր կազմակերպության, որը կարող է որոշում կայացնել, ծախսն իրականացնել և աջակցել, այդ թվում՝ մեր համակարգին՝ աշխատանքների կատարման համար, մենք՝ որպես պետական մարմին, չենք կարող նման քայլ ձեռնարկել: Մենք նման քայլեր ձեռնարկում ենք միմիայն գնումների եղանակով: Եվ այս տարի պետք է իրականացվեր համապատասխան պետական գնումը:

Ինչ վերաբերում է հարցին՝ պատասխանատո՞ւ է արդյոք պետական մարմինը տիրող իրավիճակի համար, բնականաբար, մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր թերության համար, և այստեղ որևէ գաղտնիք չկա: Երբևէ չենք խորշել պատասխանատվությունից: Մենք պատասխանատու ենք քրեակատարողական համակարգում առողջապահության վատ վիճակի համար, մենք պատասխանատու ենք նրա համար, որ այնտեղ շենքային պայմանները լավը չեն, մենք պատասխանաու ենք բազում հարցերի համար: Եվ պատասխանատվությունը չի նշանակում, որ մենք պատասխանատու ենք և սրանով սահմանափակվում ենք: Պատասխանատվությունը նշանակում է, որ մենք ամեն օր քայլ ենք կատարում՝ գտնելով առաջնահերթ խնդիրները, որովհետև սահմանափակ ռեսուրսներ ունենք»:

Տեսանյութեր

Լրահոս