«Այդ պայմաններում է մեզ մոտ կաթ մթերվում, և երբ մթերում են և լցնում մեկ ընդհանուր տարայի մեջ, համարեք, որ ամբողջ կաթը վարակված է». Կարեն Չիլինգարյան
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը վստահեցնում է, որ կաթնամթերքի շուկայում հայտնաբերված խախտումները սկսվում են հենց մթերման ժամանակ:
«Մեզ մոտ հիմնականում գյուղացիներն են պահում կենդանիներ։ Ամեն գյուղացի կարող է 1-5 կով ունենալ, իսկ խոշոր ֆերմերները մեզ մոտ քիչ են՝ ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ կաթնամթերքն արտադրվում է խոշոր ֆերմերների մոտ։ Այդ պայմաններում է մեզ մոտ կաթ մթերվում, և երբ մթերում են և այդ կաթը լցնում մեկ ընդհանուր տարայի մեջ, համարեք, որ ամբողջ կաթը վարակված է։ Դրա լուծումը չգիտեմ՝ ինչպես գտնել։ Կամ պետք է ավելի խստացվի կաթ հավաքելը գյուղացիներից, կամ պետք է այլ միջոց գտնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։
Չիլինգարյանը չի հավատում, որ կարելի է ամբողջությամբ վերացնել այդ ռիսկերը. «Վերահսկողությունն էլ պատշաճ մակարդակի վրա չէ։ Երբ լրագրողները բացահայտեցին այդ խնդիրները, նոր պետական մարմինները զբաղվեցին ու բացահայտեցին, որ իրոք այդ խնդիրները կան, չնայած՝ բոլորս էլ գիտեինք, որ խնդիր կա։ Ստացվում է, որ մինչև ահազանգ չի լինում, իրար չեն գալիս»։
Խնդիրը, ըստ նրա՝ համակարգային է. «Կաթնամթերքի շուկայում ասում են՝ ստուգում են, տուգանում են, բայց եթե արտադրողը խախտում չանի, նա ոչ կտուգանվի, ոչ էլ կկաշկանդվի։ Մեզ մոտ մի ժամանակ ստուգումներն ընդհանրապես արգելված էին, ինչը բերեց նրան, որ սննդի ոլորտում խայտառակ իրավիճակ ստեղծվեց։ Չեմ ասում՝ պարտադիր գնան, արտադրությունը փակեն, գոնե ստուգայցներ լինեն։ Թե չէ միայն ռիսկային ձևով որոշել՝ որտեղ ստուգումներ արվեն, որտեղ՝ ոչ, սխալ է։
Վերջին ժամանակահատվածում ՍԱՊԾ-ի հետ ավելի շատ եմ շփվում, չէի ասի՝ այն մակարդակում են, որը կցանկանայինք, բայց նրանք անում են այնքան, ինչքան հնարավորություն ունեն։ Ամբողջ Հայաստանը տեսչական ստուգումներով ծածկել հնարավոր չէ, բայց, համենայնդեպս, առաջխաղացում կա»։