«Չի կարող ԱԺ խոսնակը լինել մի մարմնի կազմում, որի ղեկավարը վարչապետն է». Արթուր Սաքունցը՝ Անվտանգության խորհրդի մասին
«Այն ինստիտուտները, որոնք անմիջականորեն հանդիսանում են մարդու իրավունքների տեսակետից մտահոգիչ, հանգեցնում են մարդու իրավունքների լրջագույն խախտմանը՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, նրանք ուղղակիորեն ենթարկվելու են վարչապետին»,- այսօր հրավիրված քննարկմանն ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ պառլամենտական կառավարումը ենթադրում էր, որ առնվազն այս կառույցները պետք է պառլամենտական վերահսկողության ներքո գտնվեին, բայց ո՛չ ոստիկանապետը, ո՛չ ԱԱԾ պետը չեն ենթարկվում պառլամենտին:
«Երբ նայում ենք՝ Անտանգության խորհրդում նույն կազմով ընդգրկված են: Չի կարող ԱԺ խոսնակը լինել մի մարմնի կազմում, որի ղեկավարը վարչապետն է, չի կարող ՀՀ նախագահը Անվտանգության խորհրդի կազմում լինել: Ոչ թե պետք է ելնենք՝ ըստ մեր պատկերացումների, այլ՝ նույն սահմանադրական դրույթների տեսանկյունից: Այլ հարց է, թե արդյոք Անվտանգության խորհուրդը պետք է ղեկավարի վարչապե՞տը, ո՞չ թե՝ Հանրապետության նախագահը. խնդիրը սրա մեջ է:
Եթե առաջարկվում է, որ Անվտանգության խորհրդի ղեկավարը լինի վարչապետը, բնականաբար, ԱԺ խոսնակը չի կարող այնտեղ լինել, որովհետև մի մարմնի ղեկավար, որն ընտրում է վարչապետին և պետք է վերահսկի, նա չի կարող այդ նույն կազմում լինի ու ենթարկվի վարչապետին:
Պրոբլեմը ոչ թե նրա մեջ է, որ ԱԺ նախագահը և Հանրապետության նախագահն Անվտանգության խորհրդի կազմի մեջ չեն, այլ՝ որ Անվտանգության խորհուրդը պետք է ղեկավարի հանրապետության վարչապետը, և ոչ թե՝ նախագահը»,- ընդգծեց Ա. Սաքունցը:
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի մասին օրենքի նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, ՀՀ առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարը: Այս խորհրդում ներգրավված չեն հանրապետության նախագահը և ԱԺ նախագահը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: