«Սա արվում է նախկին Խորհրդային Միության շրջանները վերականգնելու նպատակով». Վահագն Խաչատրյան
«Ոչ մի դրական բան չեմ կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով Միջհամայնքային միավորումների օրենքի նախագծի մասին:
Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց Միջհամայնքային միավորումների օրենքի նախագիծը, որով համայնքները միավորվելու են որոշակի կենսական խնդիրներ լուծելու համար: Նկատենք նաև, որ ԱԺ ընդդիմադիր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները խիստ դեմ էին արտահայտվել նախագծին՝ նշելով, որ դա արվում է իշխանությունը կենտրոնացնելու համար:
Վ. Խաչատրյանը նկատեց, որ համայնքների խոշորացման արդյունքները դեռևս չեն ամփոփել. «Խոշորացման նպատակն այդպես էլ չհասկացա՝ որն էր, որովհետև այն, ինչ ներկայացվում էր, իրականում այդ նպատակը չէր, պարզ էր, որ դա որևէ օգուտ չէր տալու, և այդպես էլ կա»:
Մեր զրուցակիցը գտնում է, որ, եթե կան ընդհանուր խնդիրներ, որոնք համայնքների միջոցների մեկտեղում են ենթադրում, դա միշտ էլ կարելի է անել. «Վերջիվերջո, հենց մարզպետարանները կարող են այդ գործընթացն անել: Ենթադրում եմ, որ, ամենայն հավանականությամբ, սա արվում է նախկին Խորհրդային Միության շրջանները վերականգնելու նպատակով: Երևի դրա համար են անում, չգիտեմ՝ ինչու ուղիղ չեն անում դա: Այն, ինչ արդեն 3 տարի կատարվում է՝ համայնքների խոշորացում, հիմա էլ՝ սա, լավ արդյունքի չի բերի, և տեղական ինքնակառավարման հասկացողությունը որ կա, այս օրենքն այդ տրամաբանությանը հակասում է»:
Վ. Խաչատրյանը գտնում է, որ այս նախաձեռնությունը նաև միտված է իշխանության կենտրոնացմանը, որը, ըստ նրա, հաստատ արդյունավետ չի լինի.
«Փոխանակ կենտրոնից համայնքներին լիազորություններ տան և համայնքները կայացնեն, հակառակ պրոցեսն է տեղի ունենում՝ համայնքներն են վերացնում, և ֆունկցիաների կենտրոնացում է տեղի ունենալու: Կառավարման կենտրոնացումը որևէ լավ արդյունք չի տալու: Եթե հիմնավորում ներկայացվեր, հաշվարկներ արվեին, այդ գործընթացի փիլիսոփայությունը ներկայացվեր, բացատրվեր, որ այդ գործընթացները կբերեն համայնքների վիճակի բարելավմանը, մարդկանց բարեկեցության բարձրացմանը և այլն, կարելի կլիներ այդ հարցը քննարկել, բայց դա չկա, տեսնում ենք, որ գործող քաղաքական ուժը միայն նպատակ ունի իր քաղաքական մենաշնորհը պահպանել, այդ շրջանակներում տեղավորվում է նաև համայնքների խոշորացման պրոցեսը, ուրիշ որևէ բացատրություն չկա: Սա կապ չունի այս երկրի, համայնքային միավորումների վիճակի բարելավման հետ: Ընդամենը քաղաքական խնդիր են լուծում»: