
«Կոչ ենք անում նման անորակ օրենքներ չբերել ԱԺ». Առաջին ընթերցմամբ ընդունվեց Միջհամայնքային միավորումների մասին օրինագիծը

Այսօր Ազգային ժողովը 61 կողմ, 38 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը: Ընդդիմադիր խմբակցությունները դեմ արտահայտվեցին օրենքի նախագծի վերաբերյալ:
«Այս օրենքով ոչ միայն սահմանափակվում է փոքր համայնքների ներգրավվածությունը համայնքային կյանքին, մենք սրանով նաև կանանց ու ընդդիմախոսների ձայներն ենք լռեցնում: «Ելքը» դեմ է քվեարկելու»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նույնպես հայտարարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու: Նրա խոսքով՝ միակողմանի ռեֆորմ անելը հավասարակշռությունը խախտում է. «Ռեֆորմը համալիր պետք է անել»:
«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ այս օրենքը Սահմանադրությանը հակասող դրույթներ է պարունակում. «Ինձ հետ համաձայնվել են նաև մեծամասնության ներկայացուցիչները: Կոչ ենք անում նման անորակ օրենքներ չբերել Ազգային ժողով»:
Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ ընդգծեց, որ միջհամայնքային միավորումները բացառիկ կարևոր ինստիտուտ են. «Անշուշտ, այս օրենսդրական նախաձեռնությունը լրամշակման կարիք ունի: Այն տեքստը, որը ներկայացվել է, կարելի է լրամշակման արդյունքում բերել այն պահանջների բավարարմանը, որի մասին մենք այստեղ խոսում էինք»: