Մահացել է ռեժիսոր Մարիա Սահակյանը
Մահացել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Մարիա Սահակյանը: Այս տեղեկությունը լրատվամիջոցներին տրամադրել է կինոքննադատ Անդրեյ Պլախովը: Սահակյանը մահացել է 37 տարեկանում: «Անհնար է հավատալ գեղեցիկ կնոջ մահվան լուրին: Վառ հիշատակ… Ցավակցություններ մերձավորներին»,- գրել է նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ տեղեկացնելով, որ ռեժիսորի մահվան պատճառ է հանդիսացել օնկոլոգիական հիվանդությունը:
Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թվականի հուլիսի 24-ին Երևանում։ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան։
1996 թվականին Սահակյանն ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ՎԳԻԿ)՝ կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետ (Վլադիմիր Կոբրինի արհեստանոց)։
2003 թվականին ավարտել է ուսումը «Հրաժեշտ» դիպլոմային աշխատանքով։ Ֆիլմը ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնին, Ֆրանսիայի Անժեր քաղաքում տեղի ունեցած «Premier Plans» կինոփառատոնին, Հոլանդիայի «International Filmfestival Rotterdam»-ի պաշտոնական ծրագրում, Telluride Film Festival-ում և այլն։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» փառատոնի գրան պրիի, Իտալիայի Ֆանո քաղաքում տեղի ունեցած միջազգային կինոփառատոնում հատուկ նշման, ՎԳԻԿ-ի փառատոնին Կոդակ ընկերությունից ստացել է մրցանակ և փառատոնի կողմից՝ «Սուրբ Աննա» դիպլոմ։