Բաժիններ՝

Թուրքիան Աֆրինում սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան

Պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։

Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, հղելով թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը, Թուրքիայի «F-16» տիպի կործանիչները Աֆրինում սկսել են հրթիռակոծել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ-ի (ԺԻՋ-YPG) հենակետերը։

Նույն «Anadolu»-ն տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի Քյութահյա քաղաքում ունեցած ելույթի ժամանակ նշել էր, որ Աֆրինի գործողությունը արդեն սկսվել է։ Լուրը նաև հաստատվել էր Թուրքիայի վարչապետի կողմից։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ իրականացվող օպերացիային տվել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Թուրքական «Haberler» լրատվամիջոցն էլ տեղեկացնում է, որ օպերացիայից առաջ Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ռուս և ամերիկացի պաշտոնակիցների հետ։

Սկսված ռազմագործողության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը։

Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներում ավելի վաղ նշվել էր, որ, ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերից պատրաստվում է նոր զորախումբ ստեղծել: Ի պատասխան դրան, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնացին Սիրիայի քրդաբնակ շրջաններում ռազմական գործողություններ սկսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս