Բաժիններ՝

«Համաճարակների տեսանկյունից այս օրերին հանրապետությունում վտանգավոր իրավիճակ չկա». Արա Ասոյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն անդրադարձավ վերջին օրերին երկրում առկա սուր շնչառական հիվանդությունների վիճակագրությանը, համաճարակների վտանգին և դրանց կանխարգելման թեմային:

Բանախոսը նկատում է՝ սկսելով այն հիվանդանոցից, որտեղ աշխատում է ինքը, այս պահին սուր շնչառական խնդիրներով հիվանդ չկա՝ ո՛չ երեխա, ո՛չ մեծահասակ: Մյուս հիվանդանոցներում հիվանդներ կան, բայց ծանր կամ բարդացած վիճակների մասին խոսք չկա: Այս տարի, նախորդ տարիների համեմատ, բավականին նվազած ցուցանիշներ են գրանցվել, վերադառնալով անցյալ տարիներին, երբ եղել են օրեր, երբ նույնիսկ վերակենդանացման բաժանմունքներում հիվանդներին հոսպիտալիզացնելու տեղ անգամ չի եղել.

«Ասեմ, որ մենք չունենք վերջնական բանաձև, թե ո՞րն է համարվում համաճարակ: Համենայն դեպս, մեզ արդեն ծանոթ համաճարակների տեսանկյունից՝ այս օրերին հանրապետությունում վտանգավոր իրավիճակ չկա: Այսօր մինչ ասուլիսին գալը ես զրուցել եմ մի քանի դպրոցների տնօրենների հետ, որպեսզի ևս մեկ անգամ ճշտեմ բացակաների քանակը: Հետևաբար՝ փաստում ենք, որ առայժմ մենք չենք գրանցել այն թիվը, որի համաձայն՝ Առողջապահության նախարարությունն իրավունք ունենա հանրապետության տարածքում հայտարարելու համաճարակային իրավիճակ»:

Բանախոսն առանձնացնում է՝ վերջին շաբաթվա ընթացքում բարձրաձայնվել է հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող թվով 650 հիվանդների մասին, որոնց մեծ մասը՝ մոտ 96 տոկոսը, 0-4 տարեկան երեխաներ են:

Կարդացեք նաև

Ա. Ասոյանը իրավիճակը մեկնաբանում է երեխաների՝ շնչառական հիվանդությունների նկատմամբ ավելի զգայուն տեսակով, նաև հանգամանքով, որ վերջիններիս նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ է: Բացի այդ, հայտնի փաստ է՝ ոչ բոլոր մեծահասակներն են գրիպի պայմաններում այցելում տեղամասային կլինիկա կամ հիվանդանոցներ՝ ստացիոնար բուժում ստանալու:

Անդրադառնալով այս օրերին հանրապետությունում առկա գրիպի տեսակներին՝ բանախոսն առանձնացնում է՝ տարածված սուր շնչառական հիվանդություններից առկա է ինչպես՝ գրիպի A, այնպես նաև՝ B տեսակը.

«Առավոտյան ինֆորմացիա ստացանք, որ Մեծ Բրիտանիայում վերջին օրերի ընթացքում 60-ից ավելի մահացության դեպքեր են գրանցվել՝ գրիպի Ավստրալիական տեսակից: Փառք Աստծո, մեզ մոտ այդպիսի ծանր ընթացք և դաժան վախճանով իրավիճակը դեռևս չունենք: Անդրադառնամ նաև ժողովրդի մեջ տարածված է այն կարծիքին, որի համաձայն, եթե ձյուն է գալիս, ապա վիրուսներն անպայման մաքրվում և վերանում են: Սրա առնչությամբ որևէ գիտական հիմնավորում չկա, որ ձյան գալը նպաստում է վիրուսների ոչնչացմանը, թեև, ի հակադրություն դրան, կա հստակ ստատիստիկա: Այն օրերին, երբ որևէ տեղ ձյուն է տեղում, զուգահեռաբար նկատվում է գրիպի հիվանդացության նվազում: Քանի որ օդերևութաբանները հունվարի 20-ից հետո կանխատեսել են գարնան գալուստ, ապա սա, կարելի է ասել, լավ լուր է, որը կարող է նպաստել իրավիճակի կայունացմանը, որովհետև լավ եղանակը հնարավորություն կտա ավելի հաճախ օդափոխելու սենյակները, ինչը շատ կարևոր հանգամանք է սուր շնչառական հիվանդություններից խուսափելու համար»:

Թե հատկապես ո՞ր երկրից կարող է մեր հանրապետություն թափանցել գրիպի վարակը, բանախոսը հստակեցնել չի կարող՝ դա կարող է լինել յուրաքանչյուր երկրից, որտեղից Ամանորին նախորդող օրերին մեծ թվով հայրենակիցներ են վերադարձել հայրենիք՝ Ռուսաստան, Վրաստան և այլն.

«Իմ հարազատներից մեկին էլ ինքս եմ դիմավորել օդանավակայանում, որ Հայաստան էր վերադառնում ԱՄՆ-ից, 39 աստիճան ջերմաստիճանով: Իջեցրինք օդանավից ու անմիջապես տեղափոխեցինք հիվանդանոց, այնպես որ, կոնկրետ որևէ երկիր նշել երևի ճիշտ չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս