«Դրական հույսեր արթնացնող տարի էր». Էդուարդ Շարմազանով

«2017 թ. բավականին հագեցած տարի էր թե՛  ներքին, թե՛ արտաքին քաղաքական առումով: Դրական տարի էր, դրական հույսեր արթնացնող տարի էր: Այն ավելի շատ դրական իրավիճակներ ունեցավ, քան բացասական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ամփոփելով անցնող տարին:

Ըստ նրա` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները կարևոր քննություն էին ՀՀ քաղաքական ուժերի և մեր պետության համար, և բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականով՝ այս ընտրությունները հաջողված էին՝ իրենց թերություններով հանդերձ, լավագույնն էին ՀՀ պառլամենտական ընտրությունների շարքում. «Այս գնահատականն առանց բացառության տվել են բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները, որևէ խնդիր չի եղել: Այս ընտրությունները շատ կարևոր քայլ էին ՀՀ ժողովրդավարության զարգացման առումով»: Նա նշեց, որ ԱԺ անցան 4 ուժեր, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կազմեցին կոալիցիա, որը երկարաժամկետ է, «Ծառուկյան» դաշինքը և «Ելք» դաշինքը ընդդիմադիր հատվածն են:

Հաջորդ կարևոր իրադարձությունը, ըստ Է.Շարմազանովի, ԱԺ հենց առաջին նիստի ժամանակ մայիսի 18-ին Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթն էր, որտեղ նա տվեց մինչև 2040 թ. ռազմավարական ուղղությունները, նպատակները, մարտահրավերները, որ ծառացած են մեր հանրապետության առջև, և յուրաքանչյուր իշխանություն չի կարող դրանք հաշվի չառնել: ԱԺ փոխնախագահը նշեց, որ առաջինը կոռուպցիան է, և ՀՀ նախագահը տվեց «ազնվություն + պրոֆեսիոնալիզմ -կոռուպցիա» բանաձևը, առանց որի՝ կառավարման արդյունավետ համակարգ չի կարող լինել: Երկրորդը, նրա խոսքով, ժողովրդագրական խնդիրներն են, որ պետք է ձգտենք մինչև 2040 թ. 4 մլն բնակչության, և այդ աճը պետք է լինի ներգաղթի ու բնական աճի հաշվին. «Մեր նպատակը պետք է լինի հայահավաքը ՀՀ-ում: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է և Հայաստանը ծաղկել ու հզորացել է այն ժամանակ, երբ ապահովել է ներգաղթ»:

Է.Շարմազանովն առանձնացրեց նաև անվտանգության մարտահրավերները: Ըստ նրա` տարին թերությունները շտկելու, ավելի արդյունավետ կառավարելու, անվտանգության մարտահրավերներին ավելի օպերատիվ դիմակայելու տարի էր, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրապարակ բերած «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը, որոնք մտնում են ազգ-բանակ կոնցեպցիայի մեջ, բխում են այն մարտահրավերներից, որոնք կան մեր պետության առջև: Նա շատ կարևորեց նոր արտոնյալ պայմաններով ֆինանսավորումը ԶՈՒ-ի համար, և այդ պատճառով 100 մլն արտոնյալ վարկ ենք վերցնում, որպեսզի հզորացնենք մեր բանակը:

Կարդացեք նաև

Հաջորդ կարևոր իրադարձությունը, Է.Շարմազանովի խոսքով, Սերժ Սարգսյանի ելույթն էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, որի մի ուղերձը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ էր, որ, եթե շարունակվի այս իրավիճակը, գարունը կթևակոխենք առանց այդ արձանագրությունների, և թուքական իսթեբլիշմենթն ամեն ինչ անում է, որ մենք գարուն մտնենք առանց դրանց: Նա նշեց, որ երկրորդ ուղերձն Արցախի խնդրի վերաբերյալ էր, որ Սերժ Սարգսյանն ասաց, որ Արցախի ժողովուրդն ունի իրավունք ազատ և ինքնորոշված ապրելու:

Ցեղասպանության ճանաչման առումով Է.Շարմազանովը տարին դրական է համարում, մասնավորապես` Չեխիայի խորհրդարանը միաձայն ընդունեց բանաձև, որով դատապարտում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը: Նա տեղեկացրեց, որ եվրոպական երկրներում նախաձեռնել են Ցեղասպանության ճանաչման գործընթաց, և հաջորդ տարի այն պետք է սկսվի:

Լեռնային Ղարաբաղի խնդրի վեաբերյալ Է.Շարմազանովը կարևորեց Ժնևի հնգակողմ հայտարարությունը, որտեղ Ադրբեջանն առաջին անգամ ստորագրեց մի թղթի տակ, որում խոսվում էր այն մեխանիզմների մասին, որոնք նշվել էին Ժնևում և Սանկտ Պետերբուրգում: Ըստ նրա` սա հայկական դիվանագիտության հաջողություններն էր, առավել ևս, որ մեր դիրքորոշումը կոշտացվել է ապրիլյան պատերազմից հետո. «Արցախյան պատերազմը հանուն է, ոչ թե՝ դեմ»:

Է.Շարմազանովը նշեց, որ ՌԴ-ի հետ հարաբերություններն այս տարի հոբելյանական էին, տեղի ունեցան մի քանի հանդիպումներ Մոսկվայում, բարձրաստիճան այցելություններ. «Հայ-ռուսական հարբերությունները որակում ենք՝ որպես դաշնակցային, և ունեն մեծ հնարավորություններ զարգանալու բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար: Նա կարևորեց ՀԱՊԿ հայտարարությունները, որ ներառում է կարգավորման 3 սկզբունքները` ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ներքո:

«Տարին բավականին հուսադրող է տնտեսական առումով, մենք տարածաշրջանում ամենաակտիվ զարգացող երկիրն ենք: Նույնիսկ Վրաստանի հետ համեմատած՝ տնտեսական ակտիվությունը շատ ավելի առաջ է»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Է.Շարմազանովը դրական գնահատեց նաև նոյեմբերի 24-ի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որն ապացուցում է, որ ՀՀ-ն վարում է ինքնուրույն քաղաքականություն. «Մենք շատ ենք կարևորում ինստիտուտների բարեփոխումներն այս համաձայնագրի շրջանակներում»:

«Իրանի հետ հարաբերությունները բավականին լավ զարգանում են: Կան բազմաթիվ ծրագրեր մեր գործընկերների հետ: Իրանը բավականին հավասարակշռված դիրքորոշում ունի ԼՂ հարցում, որը շատ կարևոր է: Արաբական երկրների չեզոք դիրքորոշումը քանդում է Ադրբեջանի պնդումը, որ ԼՂ խնդիրը կրոնական հող ունի»,- ասաց Է.Շարմազանովը:

Անդրադառնալով Վրաստան Սերժ Սարգսյանի այցին` նա նշեց, որ այն բավականին հագեցած էր, գրեթե բոլոր հարցերում ունենք լիարժեք փոխըմբռնում, և հույս հայտնեց, որ 2018 թվականը թե՛ հայ-իրանական, թե՛ հայ-վրացական հարաբերությունների առումով լինելու է շատ լավ տարի:

ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ ձախողում չի եղել, սակայն հաջողությունները բավարար չեն, և պետք է աշխատել:

Մեր հարցին` կարտոֆի՞լ, թե՞ միս, Է.Շարմազանովը պատասխանեց` «և-և»: Նա հայ ժողովրդին մաղթեց խաղաղություն, տեսնել դրականը, թերություններն էլ բարեկամական քննադատել:

Տեսանյութեր

Լրահոս