«Երուսաղեմի հարցում ՀՀ-ն քվեարկել է այնպես, ինչպես պահանջում է հայության շահը». Էդուարդ Շարմազանով

«Յուրաքանչյուր պետություն արտաքին քաղաքական դիվանագիտություն իրականացնելիս պարտավոր է առաջորդվել բացառապես իր պետական շահով: Երուսաղեմի հարցում ՀՀ-ն քվեարկել է այնպես, ինչպես պահանջում է այսօրվա գործող բանակցային գործընթացը, ՄԱԿ-ի ընդունած բանաձևերն ու ձևաչափերը, Երուսաղեմում հայկական պատրիարքարանի շահերի պահպանումն ու հայության շահը` չանել քայլեր, որոնք հավելյալ լարվածություն կմտցնեն Երուսաղեմում և որոնք դեմ կլինեն այն բանակցային տրամաբանությանը, որ ընդունել է ՄԱԿ-ը Երուսաղեմի հարցով»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով ՄԱԿ-ում ՀՀ քվեարկության և ԱՄՆ նախագահի սպառնալիքների մասին:

Ըստ նրա` ինչպես աշխարհը չպետք է ընդունի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին հակասող բանաձևեր, այնպես էլ այս դեպքում է:

ԱԺ փոխնախագահը վստահեցրեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այս փուլում վերելքի վրա են, և մենք պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ այդ հարաբերությունները զարգանան: Նրա կարծիքով` խնդիրը Թրամփը չի, խնդիրն ինքնիշխանությունն է, և ՀՀ-ն վարվել է այնպես, ինչպես ՄԱԿ և ԵՄ շատ երկրներ. «Նույն Երուսաղեմի հարցում պաշտոնական Բեռլինը, պաշտոնական Լոնդոնը, պաշտոնական Փարիզը չեն կիսում Թրամփի դիրքորոշումը: Մենք բանակցությունների կողմնակից ենք և պետք է առաջնորդվենք «մի վնասիր» սկզբունքով»:

Տեսանյութեր

Լրահոս