Հռոմի պապը հորդորել է ավելի մարդկային դարձնել աշխարհը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին է դիմել «Urbi et Orbi» («Քաղաքին եւ աշխարհին») ավանդական Սուրբծննդյան ուղերձով՝ հորդորելով մանուկ Քրիստոսին տեսնել երեխաների դեմքին, նախեւառաջ, աշխարհի՝ հակամարտությունների ու աղետների ճիրաններում հայտնված տարածաշրջաններում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում, Սիրիայում եւ Ուկրաինայում։ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից նա հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալների շնորհավորել է Սուրբ Ծննդի առթիվ:
Քահանայապետի խոսքով՝ այսօր, «երբ աշխարհում փչում են պատերազմի քամիները» եւ շարունակվում է անձի, շրջակա միջավայրի եւ սոցիալական ոլորտի անկումը, Սուրբ Ծնունդը «մեզ կոչում է մանուկ Քրիստոսին տեսնել ի դեմս երեխաների», հատկապես նրանց, ում համար, ինչպես եւ Հիսուսի համար, տեղ չգտնվեց Բեթղեհեմում: «Մենք Հիսուսին տեսնում ենք Մերձավոր Արեւելքի այն երեխաների մեջ, որոնք շարունակում են տառապել իսրայելացիների ու պաղեստինցիների միջեւ հակամարտության սրվելուց»,-ասել է Ֆրանցիսկոս պապը:
Նրա խոսքով՝ քրիստոնյաներն աշխարհի Տիրոջը խնդրում են Երուսաղեմի ու ամբողջ Սուրբ հողի համար եւ աղոթում, որ բոլոր կողմերում «գերակշռի երկխոսությունը վերսկսելու ցանկությունը եւ վերջապես հաջողվի լուծման հասնել բանակցությունների հիման վրա, ինչը երկու պետություններին թույլ կտա խաղաղ գոյակցել փոխադարձաբար եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:
«Մենք Հիսուսին տեսնում ենք ի դեմս սիրիացի երեխաների»,-ասել է նա, հույս հայտնելով, որ Սիրիան «կկարողանա վերականգնել յուրաքանչյուր մարդու արժանապատվության հարգումը»: «Մենք Հիսուսին տեսնում ենք այն երեխաների մեջ, որոնք իրենց ընտանիքների հետ միասին Ուկրաինայում տառապում են բռնությունից եւ նրա լուրջ հումանիտար հետեւանքներից, եւ աղոթում, որը Տերը հնարավորինս շուտ խաղաղություն պարգեւի այդ երկրին»,-ասել է Հռոմի պապը:
«Հիսուսին տեսնում ենք աշխարհի բոլոր մասերի երեխաների մեջ, որտեղ խաղաղությանն ու անվտանգությանը սպառնում են նոր հակամարտություններն ու բախումները»,-հայտարարել է նա, հիշեցնելով Աֆրիկայի երկրների, Իրաքի ու Եմենի, Մյանմայի ու Բանգլադեշի երեխաների մասին: Նրա խոսքով, այդ երեխաների աչքերում կարելի է տեսնել հարկադիր միգրանտների դրաման, որոնք վտանգի են ենթարկում իրենց կյանքը եւ բռնում այն ուղին, որը երբեմն ավարտվում է ողբերգությամբ: Քահանայապետը հավելել է, որ անհրաժեշտ է «մեր աշխարհը դարձնել ավելի մարդկային, այսօրվա ու վաղվա երեխաների համար ավելի արժանավայել», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: