ՀՀ աղքատների մի զգալի մասն իրեն աղքատ չի համարում. ԱՎԾ զեկույց
2016 թվականի աղքատության մակարդակի մասին արդեն գրել ենք՝ տեղեկացնելով, որ այն նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 29.9%։
Սակայն աղքատությունը բազմաբնույթ է և կարող է չափվել և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ մոտեցումներով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է նաև աղքատության մակարդակի սուբյեկտիվ գնահատականը։ Ըստ ԱՎԾ զեկույցի՝ Հայաստանում 2016թ.-ին բարեկեցության մասին սուբյեկտիվ գնահատականները (իրենց բարեկեցության վերաբերյալ անհատների անձնական տեսակետները) 1.8 անգամ ցածր են օբյեկտիվ գնահատականներից։
Մասնավորապես, աղքատության սուբյեկտիվ և օբյեկտիվ մակարդակները գնահատվել են, համապատասխանաբար, 16.6% և 29.4%: Այսինքն՝ փաստացի աղքատների մի զգալի մասն իրեն աղքատ չի համարում։
Իրենց ծայրահեղ աղքատ են համարել 1.4%-ը, ինչը մոտ է սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակին (1.8%): Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի` 2016թ.-ին աղքատության
մակարդակը 0.4 տոկոսային կետով ցածր է 2008 թ.-ի մակարդակից (17.0 %)։