Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության զորքեր
Դեկտեմբերի 20-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հերթական աշխատանքային այցը կատարեց ոստիկանության զորքեր:
Հասարարական կարգի պահպանության զորամասում ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ դրեցին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:
Այնուհետև զորամասի անձնակազմը ներկայացրեց վարժանքների սցենարով նախատեսված՝ դիվերսիոն խմբի վնասազերծման հատուկ գործողություններ:
Վարժանքին հետևեց մարտավարամասնագիտական հնարքների համալիրի ցուցադրումը: Համալիրն ընդգրկում է նաև մի շարք պետությունների համապատասխան գործընկեր կառույցների պատրաստության ժամանակակից տարրեր:
Վարժանքներն ավարտվեցին ձեռնամարտի հնարքների և ուժային վարժությունների ցուցադրական ելույթներով:
Վլադիմիր Գասպարյանը շրջայց կատարեց ծառայողական մասնաշենքում, ստուգեց աշխատանքային պայմանները, ծանոթացավ «Մարտավարության լսարանի» մասնագիտական կահավորանքին, վարժական մակետներին, ուսումնական պիտույքներին ու պարագաներին:
Այցի ավարտին զորամասի հրամանատարությանը տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: