Բաժիններ՝

11-ամյա աղջնակի կյանքը խլած վթարի գործով նախաքննությունն ավարտվել է. ովքեր են մեղադրյալի աթոռին

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության աշխատակից Լևոն Հակոբյանի ու Երևանի բնակիչ Արթուր Հակոբյանի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պատճառով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով «OPEL» մակնիշի ավտոմեքենայի անչափահաս ուղևորը մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներից երկուսը միջին ծանրության և կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 05.09.2017թ.-ին` Երևան քաղաքի Աճառյան փողոցում, Լևոն Հակոբյանը փորձել է իր վարած «HONDA» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարել չթույլատրված վայրից, որով խոչընդոտել է հարևան երթևեկության գոտիներով համընթաց շարժվող տրանսպորտային միջոցների, մասնավորապես` Արթուր Հակոբյանի վարած «HUMMER» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը: Արթուր Հակոբյանը, ով ավտոմեքենան վարել է սահմանված թույլատրելի արագության գերազանցմամբ, ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը և թույլ տալով ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում` ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի ու ընդհարվել նշված երթևեկելի ուղեմասով ընթացող «OPEL» մակնիշի, այնուհետև` «NISSAN» մակնիշի ավտոմեքենաներին: Պատահարի հետևանքով «OPEL»-ի ուղևոր, անչափահաս Լ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներից երկուսը, ինչպես վերն արդեն նշվել է, միջին ծանրության և կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Վթարից հետո Լևոն Հակոբյանը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Այսպիսով, ճանապարհատրանսպոտային կանոնների խախտման համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն արարքի և ճանապարհատրանսպոտային պատահարի վայրը թողնելու համար Լևոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս