«Կառավարությունն ունի՞ սահմանած մեր ընտանեկան արժեքների և ավանդույթների ցանկը». Նիկոլ Փաշինյան
«Դուք՝ որպես կառավարության ներկայացուցիչ, կարո՞ղ եք պատասխանել հարցին, ի վերջո, կառավարությունն ունի՞ սահմանած մեր ընտանեկան արժեքների և ավանդույթների ցանկը, որովհետև այս ընթացքում այնքան աբսուրդ բաներ ենք լսել»,- այսօր Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ն. Փաշինյանի խոսքով՝ շատերն այնպիսի աբսուրդ բաներ են ասում, որ ինքը պատրաստ չէ դրանք ընդունել՝ որպես ազգային ավանդական արժեք:
Ի պատասխան՝ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշեց, որ լրիվ բավարար են այն ձևակերպումները, որոնք այսօր կան օրինագծում. «Պետք է նաև գիտակցենք, որ օրենսդրական ակտերը բառարանի դրակատարում չունեն, որ լայն մեկնաբանություններ տան: Այս քննարկումները կարծիքների լայն շրջանակ բերեց, որը ոչ թե մտահոգվելու է, այլ դրական երևույթ է, որովհետև բանավեճը, առողջ քննարկումները միայն կարող են նպաստել ցանկացած օրինագծի բարելավմանը: Դա չի նշանակում, որ օրինագծի հեղինակները համաձայն են բոլոր հնչած կարծիքների հետ»:
Անի Քեշիշյան