Բագրատաշենի մաքսակետում սահմանապահները 15 հոգով դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 19-ի երեկոյան Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու:

Մեր տեղեկություններով՝ այդ օրը Բագրատաշենի սահմանային անցակետում ՀՀ ԱԱԾ սահմանապահները ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան։ Նրանց պահանջով մեքենայի ուղեւորը բացել է բեռնախցիկը: Մեքենայի վարորդը՝ 34-ամյա Ա. Կիրակոսյանը տեսնելով, որ ընկերոջ հետ սահմանապահները կոպիտ են խոսում, իջել է մեքենայից եւ փակել մեքենայի բեռնախցիկը, ինչից հետո վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել վարորդի ու սահմանապահների միջեւ։ Վարորդն էլ զանգահարել է աներորդուն՝ Կ. Շիվանյանին եւ կանչել մաքսակետ՝ օգնության: Երբ Շիվանյանը ժամանել է, սահմանապահները՝ 15 հոգով նրան դաժան ծեծի են ենթարկել, ապա տարել մաքսակետից ներս եւ շարունակել դաժան ծեծի ենթարկել՝ աշխատասենյակից աշխատասենյակ տեղափոխելով:

Ծեծից հետո տղամարդն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով վնասել է սահմանապահներից մեկի կոկորդը, վերջինս, սակայն թեթեւ քերծվածք է ստացել: Նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Սահմանապահների կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով տղամարդը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Ի դեպ, ծեծկռտուքին բազմաթիվ անձինք են ականատես եղել:

Այժմ կա հարուցված քրեական գործ՝ սակայն ոչ թե ԱԱԾ-ականների գործողությունների փաստով, այլ նրանցից մեկի նկատմամբ բռնություն գործադրելո հատկանիշներով (ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով): Նա կալանավորվել է:  Թե ինչն է եղել սահմանապահների եւ նրանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի պատճառը դեռ պարզ չէ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթր այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս