Արդյոք հայկական կողմին հաջողվե՞լ է հռչակագրից հանել անցանկալի դրույթը տարածքային ամբողջականության վերաբերյալ
Նոյեմբերի 24-ին Բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ նախատեսվում է ստորագրել «Արևելյան գործընկերության» եզրափակիչ հռչակագիրը, որում սովորաբար անդրադարձ է լինում հակամարտություններին, այդ թվում՝ ԼՂ հակամարտությանը:
Լուրեր են շրջանառվում, որ հռչակագրում տհաճ անակնկալներ կան հայկական կողմի համար, քանի որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատել է այդ ուղղությամբ: Այս անակնկալները չեզոքացնելու համար եվրոպացի դիվանագետները, մասնավորապես` Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, լեհ քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին, հայկական կողմին խորհուրդ են տալիս նույնպես ակտիվություն ցուցաբերել, բացատրել` ինչու է դիրքորոշումն այսպիսին, աշխատել համախոհներ գտնել այդ դիրքորոշման համար, որոնք, թեև քիչ չեն, բայց էլ ավելի կշատանան ակտիվ աշխատանքի դեպքում:
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը 168.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Հայաստանն իր աշխատանքն ամբողջությամբ կատարել է. «Վստահ եղեք, որ հայկական դիվանագիտությունն անում է ամեն ինչ, որպեսզի փաստաթղթի ձևակերպումները համարժեք լինեն մեր պետական շահերին և Եվրամիությունից մեր ակնկալիքներին, հատկապես՝ նոր ստորագրվելիք համաձայնագրի համատեքստում»:
Նա հիշեցրեց, որ իր գլխավորած հանձնաժողովը` Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետ միասին, այս թեմայով դեկտեմբերի 1-ին խորհրդարանական լսումներ է կազմակերպում: Այս քայլն Ա.Աշոտյանը «քաղաքական ավանս» որակեց, որը եվրոպացի գործընկերներին պետք է ևս 1 անգամ համոզի, որ գագաթաժողովի հռչակագրում ներառվեն Հայաստանին անմիջականորեն վերաբերող հարցերով այնպիսի ձևակերպումներ, որոնք բխում են մեր ազգային և պետական շահերից, այսինքն` Արցախյան հարցը հայկական կողմի համար աքսիոմատիկ գերակայություն է, և այն քննարկման ենթակա չէ. «Դրանից ելնելով էլ՝ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման թեորեմը պետք է ապացուցվի Հայաստանի ԵՄ գործընկերների հետ»:
Այս առումով և ի պատասխան Չարնեցկիի հորդորների՝ Ա.Աշոտյանը հայտարարեց, որ ԵՄ գործընկերներն իրենք ևս պետք է ջանքեր գործադրեն:
Նա չհստակեցրեց` հայկական կողմին հաջողվե՞լ է հռչակագրից հանել մեզ անցանկալի դրույթը տարածքային ամբողջականության վերաբերյալ: Ամեն դեպքում, ըստ նրա, դեռ հնարավոր է առաջարկություններ անել և փոփոխել հռչակագրի տեքստը. «Փաստաթուղթը ստատիկ չէ»: