Բարսելոնայում ակցիա են կազմակերպել ի պաշտպանություն Կատալոնիայի խորհրդարանի խոսնակի
Կատալոնիայի խորհրդարանի տարբեր դեպարտամենտների մոտավորապես հարյուր աշխատակիցներ նոյեմբերի 10-ին ակցիա են կազմակերպել ի պաշտպանություն տարածաշրջանի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելի ու եւս մի քանի պատգամավորների, որոնք ավելի վաղ ցուցմունքներ էին տվել Իսպանիայի Գերագույն դատարանում:
Այդ մասին հայտնել է El Mundo թերթը: Նրա տեղեկատվության համաձայն, խորհրդարանի աշխատողները կատալոնական պալատի շենքի գլխավոր աստիճանի սանդղիկների վրա նստել էին պլակատներով, որոնց վրա գրված էր՝ «Ազատություն քաղաքական բանտարկյալներին»:
Ակցիան անցկացվել է լռելյայն: Իսպանիայի Գերագույն դատարանի դատավորը նոյեմբերի 9-ին վճիռ է կայացրել անկախության հռչակման կապակցությամբ դատական հետաքննության ընթացքում կալանքի տակ վերցնել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելին՝ 150 հազար եվրո գրավով ազատ արձակելու իրավունքով:
Կատալոնիայի պալատի ղեկավար մարմնի մյուս չորս անդամները կարող են մնալ ազատության մեջ՝ 25 հազար եվրո գրավով: Եվս մեկ պատգամավորի հաջողվել էխուսափել հնարավոր ձերբակալումից՝ առանց դրամական միջոցներ մուծելու անհրաժեշտության: Դատախազությունը վեց քաղաքական գործիչների նկատմամբ առաջադրել է ապստամբության կազմակերպման, խռովության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ: Ընդհանուր առմամբ այդ հանցագործությունները պատժվում են 48 տարվա բանտարկությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: