Բրազիլիայում «կոռուպցիան» ընտրվել է տարվա բառ
«Կոռուպցիան» այն բառն է, որն ամենից ավելի լավ է ամփոփում Բրազիլիայի՝ 2017 թվականի արդյունքները: Այս եզրակացությանն են եկել հարցման մասնակիցները, որը երկրի բնակիչների շրջանում կազմակերպվել էր Cause կոնսալտինգային ընկերության կողմից:
Հետազոտությունն անցկացվել է երեք փուլով: Արդյունքում՝ առաջին տեղը բաժին է հասել «կոռուպցիային». այդ բառը իրականությանն առավել համապատասխանող է համարել հարցվածների 37 տոկոսը: Վարկանիշի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներն զբաղեցրել են «ամոթը» եւ «ճգնաժամը» (համապատասխանաբար՝ 26 տոկոս եւ 18 տոկոս):
Տարվա բառը ճանաչվելու մյուս թեկնածուները եղել են՝ «լարված» եւ «վերափոխում» բառերը, որոնց օգտին արտահայտվել են հարցվածների 10 տոկոսը եւ 9 տոկոսը: Բրազիլիայում այսօրինակ հետազոտությունը երկրորդ անգամ է անցկացվել նրա պատմության մեջ: 2016 թվականի դեկտեմբերին տարվա բառ էր ընտրվել «վրդովմունքը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: