Բաժիններ՝

«Տարկետման սահմանափակումը չի խանգարի գիտությամբ զբաղվել». ԿԳ նախարարը՝ ուսանողներին

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հետ այս պահին ընթցող հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ տարկետման իրավունքի սահմանափակումը չի խանգարի գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողի::

Զինծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման նախագծում խնդիրներ տեսնող ուսանողները նշում են, որ տարկետման ինստիտուտում խիստ սահմանափակումները չեն վերականգնի սոցիալական արդարությունը:

«Կան ոլորտներ, օրինակ` առողջապահական ոլորտը, որտեղ եւս կան բավականին մեծ բացեր: Շատերը հենց այդ ոլորտի «օգնությամբ» են ազատվում զինծառայությունից»,-նշեցին ուսանողները՝ հավելելով, որ նախագծով խախտվում է գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողների իրավունքները:

Ուսանողները նշեցին, որ նախագիծը խոչընդոտներ է առաջացնում նաեւ բուհերի համար՝ ուսանողների քանակի հետ կապված: «Բուհերում ֆիզմաթ ուղղվածությունը նախընտրում են հիմնականում տղաները: Օրենքի ընդունումից հետո այդ ֆակուլտետներում ուղղակի մարդ չի մնա»,- նշեցին ուսանողները՝ առաջարկելով տարկետում տրամադրել այնպիսի մարդկանց, ովքեր իսկապես շարունակելու են գիտությամբ զբաղվել,այլ ոչ գիտությունն օգտագործելու են զինծառայությունից խուսափելու համար:

Լեւոն Մկրտչյանը չժխտեց, որ բարձրագույն կրթության ոլորտում կան խնդիրներ: Սակայն նա չհամաձայնեց ուսանողների այն տեսակետի հետ, որ օրենքն ընդունելուց հետո ուսանողների թվի նվազման խնդիր կառաջանա: «Մենք յուրաքանչյուր տարի տարկետում ենք տրամադրում 5-6 հարյուր հոգու, իսկ սա այն թիվը չէ, որի վրա հենվելով կարող ենք ասել, որ տղաները բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում շատ կլինեն, կամ քիչ: Բաշխվածությունն այս առումով հավասարաչափ է»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով սոցիալական արդարության խնդրին՝ նա համաձայնեց՝ կան մասնագիտություններ, որոնք պահանջում են կրթության անընդհատություն: «Բազմաթիվ օրինակներ կան, շատ մարդիկ կան, ում ծառայությունը չի խանգարել գիտությամբ զբաղվել: Տարկետման իրավունքի սահմանափակումը չի խանգարի գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողի»,-հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս