Լարված իրավիճակ Փարաքարում. ինչո՞ւ էին աշակերտների ծնողները փակել Երևան-Էջմիածին մայրուղին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողներն այսօր փակել էին Երևան-Էջմիածին մայրուղու՝ «Զվարթնոց» օդանավակայանին հարող խաչմերուկը: Ծնողները պահանջում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, որպեսզի պարզաբանում ստանային, թե ինչպես է ստացվել, որ իրենց դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվել է Փարաքարի հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մակարյանը:

Ճանապարհը փակելուց առաջ ծնողները զանգահարել էին ՀԺ խմբագրություն և խնդրել էին լրագրողի ներկայություն ապահովել դպրոցում, քանի որ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը եկել է դպրոց՝ կայացված որոշումը կատարելու։

Այցելելով դպրոց՝ ականատես եղանք բակում հավաքված մոտ 30 ծնողի: Նրանք հրավիրեցին ներս և ուղեկցեցին տնօրենի աշխատասենյակ, որտեղ այդ պահին գտնվում էր մարզպետարանի վարչության պետը և երկու դպրոցի տնօրենները: Մոտ 20 րոպե տևած բանակցություններից հետո մեզ հաջողվեց մուտք գործել տնօրենի աշխատասենյակ և զրուցել բոլոր կողմերի հետ:

Ինչպե՞ս է ստացվել, որ վերամիավորման արդյուքնում լուծարված երկու դպրոցի տնօրեններից որոշել եք փակված դպրոցի տնօրենին նշանակել պաշտոնում, իսկ մյուսին ազատել, քանի որ վերջինիս թոշակի գնալու տարիքին դեռ 8 ամսի ժամանակ կար: Այս հարցին Գայանե Սայադյանը պատասխանեց, որ ՀՀ-ի օրենքներին համաձայն են նման որոշում կայացրել, բայց երբ պարզաբանեցինք, որ խոսքը տնօրեններից ավելի երիտասարդին նախապատվությունը տալու մասին էր, ասաց. «Դպրոցների վերամիավորումից հետո երկու տնօրեններն ազատվել են աշխատանքից ըստ աշխատանքային օրենսգրքի: Դրանից հետո նախընտրությունը տրվել է Փարաքարի հիմնական դպրոցի տնօրենին պաշտոնակատար աշխատելու համար մինչև մրցույթի կայանալը: Գնահատում ենք դպրոցի տնօրենին, բայց նպատակահարմարությունն այդպիսին է եղել, մենք օրենքի խախտում չենք կատարել»:

Հարցին՝ դո՞ւք եք նպատակահարմար գտել, որ Վարազդատ Հակոբյանն ազատվի՞, Գայանե Սայադյանն ասաց, որ մարզպետարանն է նպատակահարմար գտել: «Եթե մենք ընտրություն կատարեինք, բնականաբար՝ պարոն Հակոբյանը չէր կարող մասնակցել ընտրությանը, բայց քանի որ ունի աշխատանքային փորձ, անձամբ մարզպետի կարծիքն եմ ասում, որ մենք առաջարկեցինք, որ Վարազդատ Հակոբյանը մնա դպրոցում որպես խորհրդատու դպրոցի նոր տնօրենին»:

Վարչության պետի խոսքով, տնօրենների ազատման և Կարինե Մակարյանի նշանակման որոշումները կայացվել են հոկտեմբերի 30-ին, տնօրենները մեզ տրամադրեցին այդ որոշումները:

Աշխատանքից ազատված տնօրեն Վարազդատ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի իրեն ազատելու որոշման մասին. «Եթե խնդիր կա ճանապարհ փակել, բան… ես կատեգորիկ դեմ եմ: Ես կարծում եմ, որ կարելի էր ինչ-որ ձեւով այդ ժամանակահատվածն անցներ, նոր ազատեին, բայց եթե մարզպետը որոշում է…»: Վարազդատ Հակոբյանը տեղյակ էր, որ դպրոցի տարածքում ծնողներն իր շահերի պաշտպանությամբ են զբաղվում: «Մեր ժողովուրդը սխալ բան չի ասում, ես վաստակավոր չեմ, բայց բավականին վաստակ ունեմ 14 տարիների ընթացքում»,- ասաց Վարազդատ Հակոբյանը:

Միավորված դպրոցի նորանշանակ տնօրեն Կարինե Մակարյանն ավելի անտրամադիր էր նստած աշխատասենյակում, քան ազատված տնօրենը: Մակարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տրամադրությամբ եք վաղն աշխատանքի գալու, եթե ծնողները դեմ են ձեր նշանակմանն ու պատրաստ են երեխաներին դպրոց չուղարկել: «Դուք ո՞նց եք կարծում, պրովոկացիոն հարցեր եք տալիս: Եթե նշանակել են, ես պետք է իմ պարտականությունները կատարեմ: Եթե իրենք երեխաների մասին մտածեն նման բան չեն անի: Դպրոցը պետք է գործի, նման քայլով խաթարվելու է դասապրոցեսները՝ ի վնաս մեր աշակերտներին»,- պատասխանեց Կարինե Մակարյանը»։

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս