29-ամյա երիտասարդը գյումրեցի 3 երեխաների մորը «Օդնոկլասսնիկիով» պոռնկագրական լուսանկարներ է ուղարկել՝ նրա ու սիրեկանի կապերը խզելու համար
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 29-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչել պոռնկագրական նյութեր տարածելու մեջ և դատապարտվել չորս հարյուր հազար դրամ տուգանքի։
Նախաքննության ընթացքում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա պոռնկագրական նյութեր տարածելու դիտավորությամբ, համացանցից ներբեռնելով պոռնկագրական լուսանկարներ, իր կողմից շահագործվող «Այֆոն 5 Ս» մոդելի բջջային հեռախոսով «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի Գյումրու 38-ամյա բնակչուհուն ուղարկել է մեկական պոռնկագրական լուսանկարներ: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ըստ դատական ակտի՝ քրեական գործի դատական քննության ընթացքում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ 2 տարի է, ինչ ճանաչում է Գյումրու 38-ամյա բնակչուհուն, ով իր մոր մորաքրոջ աղջիկն է, ում հետ շփվել է համացանցով և գտնվել է լավ հարաբերությունների մեջ, իրենց միջև որևէ ինտիմ կապ չի եղել: Կինն իրեն պատմել է, որ չի սիրում ամուսնուն, ցանկանում է բաժանվել, սիրեկան ունի և ուզում է նրա հետ լինել, ինքն էլ հորդորել է նրան հեռու մնալ այդ տղամարդուց, ում ինքը չի ճանաչում, քանի որ 3 անչափահաս երեխաներ ունի, որ ընտանիքը չքանդվի: Կինը համաձայնել է և խոստացել է հեռու մնալ այդ տղամարդուց:
Կինն իրեն խնդրել է, որ երաժշտություն լսելու համար իրեն «Օդնոկլասսնիկի» կայքում էջ բացի, որի խնդրանքը չի մերժել և մոր հեռախոսահամարով կայք է բացել կնոջ համար, սակայն հետագայում իմանալով, որ վերջինս կրկին սկսել է նրա սիրեկանների հետ շփվել, ինչպես նաև՝ մտնելով այդ կայք-էջը և տեսնելով, որ այնտեղ անբարո հաղորդագրություններ են գրված, վերցրել է իր բացած կայքը և այն անվանափոխել, որի մասին տեղյակ է պահել նրան:
Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ բարեկամուհու և նրա սիրեկանի կապերը խզելու նպատակով փորձել է տպավորություն ստեղծել, թե իբր սիրեկանն է նրան հաղորդագրություններ ուղարկում, և այդ նպատակով իր կողմից օգտագործվող կայքից բարեկամուհու կայք-էջին ուղարկել է տարբեր բովանդակությունների սեռական բնույթի հայհոյանքներ և երեք հատ պոռնկագրական լուսանկարներ: Զղջացել է կատարած արարքի համար: Ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ, երբ ուղարկել է այդ լուսանկարներն ու հաղորդագրությունները, վստահ է եղել, որ դրանք բարեկամուհու աղջիկները չեն տեսնի, քանի որ տեղյակ էր, որ նա իր աղջիկներին թույլ չի տալիս հեռախոսը վերցնել:
Տուժող կինը, ըստ դատական ակտի, դատարանում ցուցմունք է տվել, որ ճանաչում է ամբաստանյալին, ում հետ նախկինում շփվել է և գտնվել լավ հարաբերությունների մեջ: «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում բացել է կայք-էջ: Օգտատերից իր կայք-էջին գրվել են սեռական բնույթի հայհոյանքներ` իրեն մեղադրելով անբարո կյանք վարելու մեջ, և իր կայք-էջին ուղարկել է երեք պոռնկագրական լուսանկարներ, որոնցից մեկում նկարի կողքին պատկերված է եղել իր լուսանկարը: Այդ հաղորդագրությունների գրելու ձևից` «գյուղական ժարգոնից» կասկածել է, որ նշված հաղորդագրությունները և պոռնկագրական լուսանկարներն ուղարկողն ամբաստանյալն է: Իրեն ուղարկված հաղորդագրությունների և լուսանկարների մասին պատմել է քրոջը և հայտնել իր կասկածների մասին: Դրանից հետո իրեն է զանգահարել քույրը և ասել, որ իր կասկածները եղել են տեղին, իսկապես նշված լուսանկարները և հաղորդագրություններն ուղարկողը հանդիսացել է ամբաստանյալը: