Բաժիններ՝

«Սամմիթի միջազգային հարթակ դուրս գալը կնպաստի հայկական ողջ ստարտափ էկոհամակարգի առաջընթացին». Վահագն Ռափյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՏՏ ոլորտում տարածաշրջանում առաջին ոչ ֆորմալ  միջոցառումը պատրաստվում է դուրս գալ Հայաստանի սահմաններից: Ավելի վաղ նշել էինք, որ Հայաստանից դուրս անցկացվող սամմիթները կկոչվեն Seaside Startup Summit: «Startup Armenia» հիմնադրամում նշում են, որ նախատեսվում է իրականացնել սամմիթներ աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում:

«Սևան Ստարափ Սամմիթ» ծրագրի ղեկավար Վահագն Ռափյանը, «ՓՄՁ ԶԱԿ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի Ղեկավար Էվա Մարիա Նահերը և «Գլոբալ ԷյԷմ» հ/կ-ի նախագահ Գևորգ Պողոսյանն ամփոփեցին նախորդ տարի անցկացված  սամմիթը և հայտարարեցին «Seaside Startup Summit 2018»-ի մեկնարկը։

Հաջորդ սամմիթներն ունենալու են մի շարք նորամուծություններ: Նախատեսվում է առաջին ֆիլտրումն անցած ստարտափների համար կազմակերպել «Seaside Startup School»-ը, որտեղ ստարտափները կստանան համապատասխան գիտելիքներ։ Այն կօգնի նրանց ավելի կատարելագործված կերպով ներկայացմանը։ Ինչպես նաև գործի կդրվի «Seaside Startup Summit Accelerator»-ը, որի շնորհիվ հայկական ստարտափները սամմիթի ավարտից հետո նույնպես հնարավորություն կունենան կատարելագործվելու և ներդրումներ ստանալու։

«Գլոբալ ԷյԷմ» հ/կ-ի նախագահ Գևորգ Պողոսյանը նշում է, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի նախապատրաստական աշխատանքներն իրենք սկսել էին  փետրվարին և ստացել միջոցառում, որը գերազանցեց բոլորիս սպասելիքները.

Կարդացեք նաև

«Այս տարի մենք արդեն սկսել ենք 2018-ի նախապատրաստական աշխատանքները, որը կնպաստի սամմիթի էլ ավելի բարձր մակարդակով անցկացմանը»։

Կազմակերպիչները նշում են, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի ամփոփումից հետո եղան բազում առաջարկներ սամմիթն աշխարհի տարբեր երկրների ծովափնյա վայրերում անցկացնելու նպատակով։ Այդ սամմիթները հանդես կգան «Seaside Startup Summit» անվանմամբ։ Սամմիթը տարբեր երկրներում անցկացնելը կնպաստի «Սևան Ստարտափ Սամմիթի» միջազգայնացման գործընթացին։

Կազմակերպիչների խոսքով՝ «Ստարափ Արմենիա» հիմնադրամը, «Rak Incubation and Accelerator» և Ռաս ալ-Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտը պլանավորում են «Seaside Startup Summit» անցկացնել 2018-ի փետրվարին։ Այս միջոցառումը ոչ միայն կնպաստի Հայաստանի և ԱՄԷ-ի տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլ նաև խթան կհանդիսանա նորարարների և ձեռնարկատերերի փորձի փոխանակմանը։

«Սևան Ստարափ Սամմիթ» ծրագրի ղեկավար Վահագն Ռափյանը նշում է, որ հիմա իրենք բանակցում են ԱՄԷ-ի, Հնդկաստանի, Սինգապուրի և եվրոպական մի քանի երկրների հետ՝ ծովափնյա շրջաններում սամմիթն անցկացնելու համար։

«Սամմիթի միջազգային հարթակ դուրս գալը կնպաստի հայկական ողջ ստարտափ էկոհամակարգի առաջընթացին, քանի որ կավելանա փորձի փոխանակումը։ Այնուամենայնիվ, «Սևան Ստարտափ Սամմիթը» մնում է մեր կարևոր միջոցառումը, քանի որ մեր նպատակն է միջազգային փորձով հայկական ստարտափների հետ կիսվելը։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը կանցկացվի հուլիսի 22-29-ը, իսկ ստարտափների և ներդրողների համար հայտերը կբացվեն նոյեմբերի 1-ից»:

Հիշեցնենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթն» առաջին անգամ անցկացվել է 2016թ․ ամռանը՝ Սևանի ափին։ Սամմիթն իրավամբ դարձել է հայկական ստարտափ էկոհամակարգի կարևորագույն միջոցառումներից մեկը։ Այս տարի սամմիթը զգալիորեն ընդլայնել էր մասշտաբները։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը հյուրընկալել է ավելի քան 2000 հյուրերի աշխարհի 23 երկրներից։ Սամմիթի ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցել  է 50,000 ԱՄՆ դոլարը։ Միջոցառման 7 օրերի ընթացքում անցկացվել են բազում դասընթացներ եվրոպական տարբեր երկրներից հրավիրված մասնագետների կողմից։ Դասընթացների ընթացքում մասնակիցները ստացել են տեղեկություն՝ գաղափարը կյանքի կոչելուց՝ մինչև բիզնեսի վաճառքը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս