«Այս իշխանությունը բանակում չծառայած մարդկանց իշխանություն է. Հիմա եկել, ասում է` եկեք բոլորին տանենք բանակ, որ արդարություն լինի»

Այսօր ԱԺ նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Միլիտարիզացիայի գլոբալ ինդեքսի համաձայն` ՀՀ-ն 3-4-րդ տեղերում է, իսկ այս նոր օրենքով ավելացվում է միլիտարիզացիան: Նա հարցադրում արեց` արդյոք սա ժողովրդավարությանը չի՞ վնասում:

Դիմելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին` Է.Մարուքյանն ասաց, որ նա 3 բուհ է ավարտել, հետո գնացել է բանակ, բայց եթե բանակում ծառայած լիներ, արդյոք հետագայում նման ուսում կստանա՞ր:

«Այս իշխանությունը բանակում չծառայած մարդկանց իշխանություն է: Հիմա եկել, ասում է` եկեք բոլորին տանենք բանակ, որ արդարություն լինի: Այդտեղ դիսկոմֆորտ չի ապրո՞ւմ իշխանությունը և նրա ներկայացուցիչը»,- հարցրեց Մարուքյանը:

Վ.Սարգսյանը պատասխանեց, որ միլիտարիզացված երկրների ցանկում մեզնից առաջ Իսրայելն ու Սինգապուրն են, այսինքն` ծառայությունը չի խանգարում գիտությամբ զբաղվելուն և նման մտավախություններն անտեղի են:

Ըստ նրա` մենք միլիտարիզացված ենք առշունչ բանակի հաշվով և դա մեր ընտրությունը չէ:

Վ.Սարգսյանի կարծիքով` եթե 18 տարում ինքը զորակոչվեր, հետագա ուսումը չէր դադարեցնի, քանի որ իր ողջ ընտանիքում պապերը, տատերը, բոլորն ունեն առնվազն մեկ բարձրագույն կրթություն և ինքը միշտ համոզված է եղել, որ բարձրագույն կրթությունն անհրաժեշտ է: Նա վստահություն հայտնեց, որ եթե անգամ ծառայեր, հետո կրկին կսովորեր:

«Երկրի նախագահը` գլխավոր հրամանատարը մարդ է, որ կանգնած է եղել մեր զինված ուժերի կայացման ակունքներում և տարբեր աշխատանք է իրականացրել թե՛ Ղարաբաղի հերոսամարտի փայլուն էջերը գրելու հարցում, թե՛ մեր բանակը կամավորական ջոկատներից կայացած կառույցի վերափոխելու:

Կան մարդիկ, որ չեն ծառայել, կան մարդիկ, որ ոչ միայն ծառայել են, այլև հերոսներ են, մեծ ճանապարհ են անցել: Տարբեր են ամեն մեկը: Ես կարծում եմ, որ որպես հասարակություն մենք պետք է սկսենք ճիշտ վերաբերմունք ձևավորել»,- ասաց նախարարը:

Է.Մարուքյանը հակադարձեց, որ Իսրայելում քաղաքական համակարգն այսպիսին չէ և միլիտարիզացիան չի կարող տանել դիկտատուրայի. «Իմ ասած վտանգն այլ է: Մենք Իսրայել չենք»:

«Դուք հերոսական օրինակները մոռանում եք, ընկնում եք դիզերտիրների հետևից: Ես պատրաստ եմ ձեր հետ ընկնել դիզերտիրների հետևից»,- նկատեց Վ.Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս