Բաժիններ՝

«Ստեփանակերտի քաղաքացիները, որոնք Լևոն Հայրապետյանի ցուցապաստառները փակցրել էին իրենց խանութների վրա, տուգանվել են». Հայկազ Մակարյան

«Նահատակվեց հայոց պետականության հիմնասյուներից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով գործարար Լևոն Հայրապետյանի մահվան մասին՝ ասաց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին, 68 տարեկան հասակում Ռուսաստանի բանտերից մեկում մահացել է գործարար և բարեգործ Լևոն Հայրապետյանը։ Հիշեցնենք նաև, որ գործարարը դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար կորզելու համար։ 2016 թվականին նա տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:

Հ. Մակարյանի խոսքով՝ Լ. Հայրապետյանը 1400 պսակադրություն էր պատրաստվում իրականացնել:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ ասաց, որ ինքը Սովետական Միության տարիներին եղել է Մորդովիայի բանտում և գիտի՝ ինչ է դա. «Սովետական չեկիստների մոտ կար նման արտահայտություն՝ մարդ լինի, հոդված կգտնենք: Ինձ բոլորովին չի հետաքրքրում այս գործի քրեական բաղադրիչը: Կալանավայրում մահացած յուրաքանչյուր մահվան համար պետությունը պատասխանատու է, եթե որևէ մեկը մահանում է բանտում, նշանակում է՝ պետությունը մեղավոր է»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ՌԴ-ում հայ համայնքն ի՞նչ արեց այս հարցով՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, Հ. Մակարյանն այսպես պատասխանեց. «Արա Աբրահամյանը միակն էր, որ անձամբ խոսեց, իր դժգոհությունը պաշտոնապես հայտնեց, բայց պարոն Աբրահամյանն ասաց, որ այնտեղ կազմակերպվելիք ցույցերը խստիվ արգելվում են մի շարք փոքրիկ համայնքների կողմից: Ես ձեզ մեկ ուրիշ, ավելի ուժեղ նորություն պետք է հայտնեմ, մենք երբ եղանք Արցախի Հանրապետությունում, իմացանք, որ Ստեփանակերտի քաղաքացիները, որոնք Լևոն Հայրապետյանի ցուցապաստառները փակցրել էին իրենց խանութների վրա, տուգանվել են, պոկվել են, և ասվել է՝  դուք վնասում եք արցախառուսական շահերին: Հարց է առաջանում՝ երբ Լևոն Հայրապետյանն այդ ճանապարհները և եկեղեցիները սարքում էր, այդ ժամանակ շահերի մասին ինչի՞ Ռուսաստանին չէիք ասում, ա՛յ ցինիկներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս