«Հիմնական գործիքները մշակվել են մոտ 13 տարի առաջ». Դատական նոր օրենսգրքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ
Դատական նոր օրենսգրքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի հարցի։ Նրա խոսքով՝ նախագիծը տրամադրվել է ոչ միայն պետական մարմիններին, այլև փաստաբանների, նոտարական պալատներին, դատավորներին՝ վերջնական ամփոփման համար։
Անդրադառնալով էլեկտրոնային հարթակներին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներկայումս դատական համակարգում գործում են էլեկտրոնային համակարգեր: «Խնդիրը դրանք նոր մակարդակի հասցնելն է։ Սա բավական շատ դրամական միջոցներ է պահանջում: Այս պահին մենք մշակում ենք նոր տեխնիկական առաջադրանք, որովհետև հիմնական գործիքները մշակվել են մոտ 13 տարի առաջ, այսինքն՝ 13 տարվա ընթացքում տեխնոլոգիական առումով արդեն հնացել են։ Այս պահին տեխնիկական առաջադրանքի մշակումն է, որից հետո ձեռնամուխ կլինենք միջոցներ հայթայթելուն»,- ասաց Դավիթ Հարությունյանը։