«Նեյթ» արեւադաձային փոթորիկն ավելի քան 20 մարդու կյանք է խլել Կենտրոնական Ամերիկայում
Կենտրոնական Ամերիկայում «Նեյթ» արեւադաձային փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 20-ը: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները:
Այսպես, Նիկարագուայում եւ Կոստա Ռիկայում զոհվել է 22 մարդ, նշում է Financiero մեքսիկական պորտալը: Եվս երեք մարդ տարերքի զոհ է դարձել Հոնդուրասում, ճշտում է NTN24 ալիքը:
Նիկարագուայում ափերից դուրս են եկել գետերը, իշխանությունները տագնապ են հայտարարել ամբողջ երկրում եւ փակել են դպրոցները: Կոստա Ռիկայում արտակարգ դրություն է հայտարարված եւ նույնպես փակված են բոլոր ուսումնական հաստատությունները: Շուրջ հինգ հազար մարդ հարկադրված է թաքնվել ժամանակավոր ապաստարաններում:
ԱՄՆ-ի Ալաբամայի, Լուիզիանայի, Ֆլորիդայի եւ Միսիսիպիի նահանգների իշխանություննները արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել մոտեցող «Նեյթ» փոթորկի պատճառով: Ափամերձ մի շարք շրջաններում տարհանում է հայտարարված:
ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի տվյալներով՝ «Նեյթ»-ը, որը ներկայում գտնվում է Նիկարագուայի եւ Հոնդուրասի ափերի մոտ, ԱՄՆ-ի ծովափին կմոտենա շաբաթ օրը, դրա էպիկենտրոնում քամու արագությունը կարող է հասնել ժամում 120 կիլոմետրի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: