Բաժիններ՝

Ստեփանակերտում լույս է տեսել «Ապրիլը ապրել չթողեց» վերնագրով գիրքը

Ստեփանակերտում լույս է տեսել արցախցի լրագրող Արմինե Աբրահամյանի «Ապրիլը ապրել չթողեց» վերնագրով գիրքը՝ նվիրված 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ավագ ենթասպա Դավիթ Յուրիի Գասպարյանի ծննդյան 38-ամյակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմինե Աբրահամյանն ասել է, որ ինքը, տարիներ շարունակ աշխատելով ԱՀ «Արհմիություններ» պաշտոնաթերթում, երբեք չի մտածել, որ կգա մի օր երբ պիտի գրի մի մարդու մասին, ով կյանքի ծաղկուն տարիքում պատերազմի զոհ դարձավ:

Գրքի վերնագիրն ընտրելու մասին Ա. Աբրահամյանը մասնավորապես ասել է. «Ոչ ոք մեղավոր չէ այն ցավի համար, որ գիտակցաբար թշնամին հասցրեց բոլորիս, ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Ապրիլը կյանքի արարման, ծաղկման ամիս է, իսկ Դավիթի կյանքը փթթուն տարիքում, ավաղ, մնաց անավարտ. հենց այդ պատճառով էլ «Ապրիլն ապրել չթողեց» գիրքը վերնագրել եմ այսպես: «Գիրքը տպագրվել է Դավիթի մտերիմ ընկեր Բեգլար Բեգլարյանի հովանավորությամբ: 79 էջանոց գրքույկի վրա աշխատել եմ 9 ամիս. այստեղ ներկայացված եմ Դավիթի հարազատների, ընկերների, ուսուցիչների հուշերը: Մեր մնացած քաջազունների նման Դավիթը հայրենիքի համար չխնայեց իր մատաղ կյանքը. նա առանց երկմտելու մեկնեց մարտի՝ պաշտպանելու համար իր ծնողներին, երեխաներին, հարազատներին, իր հող հայրենին:

Մենք՝ ողջերս, պարտավոր ենք հավերժ վառ պահել բոլոր զոհված ազատամարտիկների հիշատակը, նրանց անունն ու պատիվն»,-ասել է Ա. Աբրահամյանը և ավելացրել,- Դավիթին ճանաչել եմ դեռևս պատանեկության տարիներից և նրա մոտ նկատել եմ ընդգծված հայրենասիրություն, անձնուրաց սեր դեպի հայրենիքը: Հայկական ավանդական լավագույն սովորույթները պահպանող ընտանիքից է նա սերվել, ձեռք բերել մարդկային դրական որակներ:

Դավիթի մասին հիշողություններով իմ բոլոր զրուցակիցները կիսվել են ինձ հետ՝ սրտի ցավով հարմարվելով Դավիթի նման հայրենանվեր ու ասպետական հայորդու կորստին: Ի դեպ, գրքում նաև զետեղված են նաև բանաստեղծություններ՝ նվիրված Դավիթ Գասպարյանին»:

Սեպտեմբերի 30-ին, Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան N 7 հիմնական դպրոցում՝ իր հարազատ կրթօջախում, կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Դավիթի ծննդյան 38-ամյակին: Նրա ավագ որդու՝ Յուրի դասարանը կրում է իր հերոս հոր՝ Դավիթ Գասպարյանի անունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս