Բաժիններ՝

«Պետք է զարգացում, բայց հեղափոխություն՝ ոչ». Վահե Գևորգյանց

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրություններից օրեր առաջ 168.am-ը զրուցել է Կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ, Կինոմիության նախագահի պաշտոնի համար առաջադրված թեկնածու, ռեժիսոր Վահե Գևորգյանցի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ և վարչություն:

Պարոն Գևորգյանց, «Հայֆիլմի Վերածնունդ նախաձեռնութուն» ֆեյսբուքյան էջը օրեր առաջ մի հարցում էր անցկացրել՝ «Ո՞վ կընտրվի կինեմատոգրաֆիստների միության նախագահ»: Օգտատերերից մեկը մեկնաբանության մեջ գրել էր՝ «Չի ընտրվի, կնշանակեն»: Նման բան հնարավո՞ր է:

– Դա անհնարին է: Նշանակվելն անհնարին է, որովհետև մեզ մոտ՝ ըստ կանոնադրության, այդ պաշտոնը միշտ եղել է ընտրովի: Որ ասում են՝ կնշանակվի՝ ո՞վ պետք է նշանակի: Մենք չենք պատկանում կառավարությանը, և այդ պաշտոնն էլ նշանակովի չէ: Ուրիշ բան, որ «վերևները» կարող են ինչ-որ ձևով աջակցել թեկնածուներից որևէ մեկին, բայց միայն հորդորելով՝ այստեղ-այնտեղ ասելով, որ՝ մենք այս մարդուն ենք նախընտրում: Բայց այդպիսի բան էլ չի եղել: Այնպես որ, ինձ թվում է՝ կլինեն շատ արդար, թափանցիկ ընտրություններ:

Կարդացեք նաև

Ձեր մրցակիցներից մեկը՝ ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, իր հարցազրույցներից մեկում խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրած թեկնածուն լինելու մասին՝ նշել էր, որ «Շատ ուրախ կլիներ դրա համար»: Կինոմիության նախագահի թեկնածուին ի՞նչ կարող է տալ երկրի նախագահի աջակցությունը, և արդյոք դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա:

– Իմ կարծիքով՝ պետք է դրական ազդի: Եթե երկրի նախագահն ինչ-որ մեկին ավելի շատ է նախընտրում, դա պետք է դրական ազդեցություն ունենա: Ասեմ՝ ինչո՞ւ: Այն պրոբլեմները, որոնք կանգնում են միության առջև, անդամների առջև, միության նախագահը փորձում է լուծել: Եվ, իհարկե, ավելի հեշտ է լուծել պրոբլեմները, եթե դու լավ հարաբերությունների մեջ ես «վերևների» հետ: Որովհետև, այսպես թե այնպես, ապրում ենք պետության մեջ, ու դրա համար լավ է, որ վերևները քեզ աջակցում և օգնում են: Բայց ընտրման մեջ, ես չեմ կարծում, որ որևէ մեկը, նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը, միջամտի: Կառավարությունը և նախագահն այս հարցում միշտ չեզոք են մնում, և ըստ իս՝ դա ճիշտ է:

Վերջերս շատ խոսվեց պաշտոնի ժառանգականության մասին: Ի՞նչ եք կարծում, նման խոսակցություններն ինչպե՞ս են ազդում հասարակության վրա:

– Դա վատ չէ: Լավ է, երբ ժառանգականություն կա: Ես չեմ խոսում ժառանգական պաշտոնի մասին, առհասարակ ժառանգականության մասին եմ ասում: Ես կինեմատոգրաֆիստների տոհմից եմ՝ իմ պապը, տատը, հորեղբայրը, հայրս, եղբայրս, մենք բոլորս կինոյի մեջ ենք եղել ու կանք, ու դա շատ լավ է: Ես մասնագիտական փորձ եմ ստացել հորիցս, պապիցս: Կինոյում կան մի քանի այդպիսի տոհմեր, օրինակ՝ Դովլաթյանների, Երզնկյանների տոհմը, մեր՝ Գևորգյանցների տոհմը: Շատ կան այդպիսի տոհմեր, ու դա լավ է: Լավ է, երբ դու մանկուց այդ աշխարհը տեսնում ես, մանկուց կինոյի մեջ ես:

Ինչ վերաբերում է ժառանգաբար պաշտոնի անցնելուն, պետք է ասեմ, որ չի լինում պաշտոնի ժառանգաբար անցում, դա ընտրովի պաշտոն է: Կընտրեն՝ կդառնամ, չեն ընտրի՝ չեմ դառնա: Հիմա իմ պապը ստեղծել է Կինոմիությունը, եղել է միության առաջին նախագահը, հայրս՝ Ռուբեն Գևորգյանցը, չդառնա՞ր, ասեր՝ դե չէ, հայրս եղել է միության նախագահ, ես չդառնամ, որ հանկարծ ժառանգականության մասին չխոսե՞ն… Հիմա ես իմ հոր տղան եմ, եթե դա իմ միակ «թերությունն» է, թող այդպես լինի…

Պարոն Գևորգյանց, բայց միությունը ղեկավարելու համար այդ աշխարհին ծանոթ լինելը և լավ կինեմատոգրաֆիստ լինելը բավարար չեն, չէ՞: Կա՞ն Կինոմիությունը ղեկավարելու համար անհրաժեշտ հատկանիշներ:

– Այո: Պետք է կարողանաս բոլորի հետ լեզու գտնել, բոլորի մասին մտածել: Որովհետև մենք բոլորս արվեստի մարդիկ ենք. ամեն մեկն ունի իր տեսակետը, ամեն մեկն ունի իր արվեստը, իր մտածելակերպը: Եվ այդ բոլոր մարդկանց համախմբելը փոքր-ինչ դժվար է: Դրա համար պետք է ունենալ ոչ այնքան կազմակերպչական հատկություններ, որքան մարդուն հասկանալու հատկություն: Իմ շրջապատից բոլորը կասեն, որ ես այդ հատկությունն ունեմ, կոնֆլիկտային մարդ չեմ: Ես հոյակապ հարաբերությունների մեջ եմ կինոմիության նախագահի մյուս թեկնածուների՝ Հարություն Խաչատրյանի, Գևորգ Գևորգյանի և Գոռ Վարդանյանի հետ, ես կարող եմ տեսնել նրանց փողոցում, նստենք միասին, խոսենք, Հարությունին կարող եմ տալ իմ գրքույկը, նրանից վերցնել իրենը: Այսինքն՝ ես կոնֆլիկտային մարդ չեմ և համարում եմ դա իմ լավագույն կողմերից մեկը:

Ոչ կոնֆլիկտային լինելը, անկախ արդյունքից, օգտակար կլինի նաև հետագա համագործակցության ժամանակ:

– Ես համարում եմ, որ, եթե կարելի է նստել-զրուցել և գտնել ճիշտ որոշումը, ուրեմն պետք չէ կռիվ անել, գոռալ, ասել՝ դու լավն ես, վատն ես: Ընդհանրապես արվեստի մեջ չկա լավ և վատ, կա ուրիշ: Ես այս տեսակետն ունեմ, ինքն ուրիշ տեսակետ ունի: Դրա համար էլ արվեստը զարգանում է: Եթե բոլորը լինեին լավ կամ վատ, արվեստ չէր լինի: Իսկ մենք բոլորս, բարեբախտաբար, արվեստագետներ ենք:

Նախընտրական խոստումներ տալո՞ւ եք: Օրինակ՝ վատ նախագծերի ասֆալտապատում և լավ գաղափարների ծառատունկ

– Ինձ մի մարդ ասաց. «Ես մի հատ մասնագետ ունեմ, խոստումներ է գրում»: Հա, դա նրա մասնագիտությունն է. մարդը խորանում է ոլորտի մեջ, ծանոթանում է խնդիրներին, ուսումնասիրություններ է կատարում, հետո խոստումների ցանկ է տալիս: Ես այդ մարդուն հարցրեցի, թե՝ «հետո ո՞վ է անելու այդ ամեն ինչը»: Պատասխանեց՝ «դե, հետո ո՞վ է նայում դրա վրա: Անցար՝ վե՛րջ»:

Ոչ, այդպես չի լինում: Խոստումներ պետք է տալ այնքան, որքան կարող ես կատարել: Մի քանի բան էլ կարելի է մտքում պահել. դա էլ եմ ուզում կատարել, բայց խոստում չեմ տալիս, որովհետև դեռ համոզված չեմ: Չէ՞ որ վաղը կամ մյուս օրն ինձ մարդիկ կհարցնեն՝ իսկ ինչո՞ւ սա չարեցիր: Նաև մի մոռացեք, որ միության բոլոր անդամները միմյանց ճանաչում են, ինձ՝ նույնպես: Այսինքն՝ մեզ մոտ ոչ թե անծանոթ մարդիկ են, որոնցից ես ձայն եմ ուզում, այլ ծանոթ մարդիկ են, ովքեր հանգիստ կարող են գալ, դուռս թակել և ասել՝ սա ինչո՞ւ չարեցիր: Ես ո՞նց եմ տակից դուրս գալու: Դրա համար ես փորձել եմ ամպագոռգոռ խոստումներ չտալ, ինչպես ասում են՝ ոտքը մեր վերմակի չափով պիտի պարզենք:

Ի՞նչ կասեք կինոարտադրության զարգացման գործընթացում Կինոմիության դերի մասին, և ի՞նչ առաքելություն ունի Կինոմիությունը միջազգային համագործակցություններում:

– Բազմիցս ասել եմ՝ Կինոմիությունը ֆիլմարտադրությամբ չի զբաղվում: Առաջինը՝ այն չի կարող զբաղվել (ըստ կանոնադրության), որովհետև մենք շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք, իսկ կինոարտադրությունը ենթադրում է շահույթ: Երկրորդը, ի սկզբանե, երբ Կինոմիությունը ստեղծվել է, չի ստեղծվել կինոարտադրության համար: Այլ բան է, որ միությունը կարող է աջակցել կինոյի զարգացմանը: Օրինակ, մենք շատ ակտիվ պետք է մասնակցենք կինոյի մասին օրենքի ստեղծմանը, որովհետև հենց մենք գիտենք ներսից, թե ինչ է պետք մեր կինոյին: Կինոարտադրությանն էլ կարող ենք օգնել ինչ-որ հասարակական իմաստով, օրինակ՝ կարելի է գովազդել, պրեմիերաներ անել, ֆիլմերի դիտումներ կազմակերպել… Այդ ամենը մենք կարող ենք անել, բայց կինո արտադրել չենք կարող ու չենք արել այսքան ժամանակ: Շատերին թվում է, որ Կինոմիությունը կինո է արտադրում: Ոչ, այն աջակցում է կինոյի զարգացմանը, բայց չի արտադրում կինո:

Օրինակ, եթե երիտասարդ կինեմատոգրաֆիստները, ովքեր չեն կարողանում ֆիլմն ավարտել, գումարը չի բավականացնում, մենք կարող ենք գումար տրամադրել փոստ-փրոդաքշնի համար, խորհուրդներ տալ: Բացի այդ, կարող ենք սովորեցնել՝ ինչպես կարելի է այդ ամենն ավելի մատչելի միջոցներով անել, ուղիներ հուշել, աջակցել, կարող ենք ֆիլմն ուղարկել միջազգային փառատոների:

Միջազգային հարաբերությունների վերաբերյալ հատուկ կետ կա նախընտրական իմ ծրագրում: Մենք ԱՊՀ երկրների միությունների հետ կապը պահպանում ենք: Այդ միությունները շատ հետաքրքիր ծրագրեր, հավաքներ, փառատոներ են իրականացնում, և մենք փորձում ենք հնարավորինս հաճախ մասնակցել: Բայց շատ երիտասարդներ չգիտեն՝ ինչպես է դա արվում, կամ, եթե գիտեն՝ ֆինանսական միջոցներ չունեն: Նման դեպքերում կարող են գալ մեզ մոտ. մենք իրենց խորհուրդ կտանք՝ որ փառատոներին է նախընտրելի մասնակցել: Մենք նաև կարող ենք ֆինանսապես աջակցել, որպեսզի այդ երիտասարդները մասնակցեն փառատոներին։

Ձեր հայրը՝ միության նախկին նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ «Կան հարցեր, որոնք շատ հստակ պետք է դրվեն, օրինակ՝ ինչպիսի ֆիլմեր են մեզ անհրաժեշտ»: Դուք այս հարցի պատասխանն ունե՞ք:

– Այո:

Եվ ինչպիսի՞ ֆիլմեր են մեզ անհրաժեշտ:

– Ես կարող եմ ասել՝ ինչպիսի ֆիլմեր են անհրաժեշտ պետական կինոյին: Պետությունը նաև ես եմ. ես հարկատու եմ, և կինոն նկարահանվում է նաև իմ միջոցներով, չէ՞: Եթե մենք վերցնենք ֆիլմ, որը պետք է փող բերի՝ զուտ փող բերելու համար, ապա պետությունը դրա համար գումար չպետք է հատկացնի: Որովհետև, եթե փող է պետք, թող ինչ-որ այլ բիզնեսի մեջ ներդրում անի: Երկրորդ տարբերակ. պետությունը ֆինանսական միջոցներ է ներդնում, որ մենք ֆիլմ արտադրենք երիտասարդ սերունդների դաստիարակության համար: Դա կարող է լինել, օրինակ՝ Վարդան Մամիկոնյանի մասին մի մեծ ֆիլմ: Շատ լավ է, եթե պետությունն այդպիսի խնդիր է իր առջև դրել, շատ լավ է, թող ներդրում կատարի, թող դրա համար անհրաժեշտ միջոցները հատկացնի, այդպիսի ֆիլմ արտադրի, ցուցադրի: Մենք պատերազմող երկիր ենք, և երիտասարդների ոգին բարձրացնող ֆիլմերը մեզ պետք են: Մի սերունդ մեծացավ պատերազմող երկրում: Ոգին բարձրացնելը մեզ համար անհրաժեշտություն է:

Եվ, երրորդ. ի վերջո, աշխարհը մեզ պետք է ճանաչի ոչ միայն լավ ֆիլմով, այլև նրանով, որ ֆիլմում մենք ցուցադրվենք՝ որպես լավ ժողովուրդ: Հիմա շատ եվրոպական փառատոներ հաճույքով վերցնում են մեր վավերագրական ֆիլմերը, որտեղ հայերը և Հայաստանը ցուցադրվում են վատ տեսանկյունով: Գուցե դա իրականությունն է, որովհետև, երբ ռեժիսորին հարցնում ես, ասում է՝ բայց դա իրականությունն է, մեր բոմժերը, մեր աղքատներն իրականությունն են… Այո, իրականություն է, բայց երբ դու ֆիլմ ես ուղարկում Եվրոպա, եվրոպացին չի իմանում, որ մենք ունենք Մեսրոպ Մաշտոց, Արամ Խաչատրյան, կամ ուշադրություն չի դարձնում, նա նայում է ու ասում՝ սա են հայերը: Ֆիլմը կարող է լինել շատ լավը՝ որպես ֆիլմ, որպես արվեստի գործ: Իրականությո՞ւնն ես ցույց տալիս, շատ լավ, բայց այնտեղ ուրիշ տպավորություն է ստեղծվում: Այսինքն՝ մենք պետք է նաև այնպիսի ֆիլմեր ստեղծենք, որ գովազդենք ինքներս մեզ, մեր արժեքները:

Պետական միջոցներով ստեղծված կինոն պետք է լինի կամ երիտասարդների ոգին բարձրացնող՝ պետքական ֆիլմ, կամ պետք է լինի փառատոնային. այդ երկու տարբերակը: Եթե դրա հետ մեկտեղ՝ ֆիլմը նաև փող կբերի, շատ լավ է, բայց մեր սկզբնակետը չպետք է դա լինի: Պետությունն ինչի՞ համար է ֆիլմ նկարում՝ մենք այդ հարցին չենք պատասխանել: Այդ պատճառով էլ կինոյի մասին օրենքը չենք կարողանում ավարտուն տեսքի բերել:

Այսինքն՝ ֆիլմը նաև PR գործիք է:

– Իհարկե: Ֆիլմը միակ լեզուն է, որով մենք կարող ենք խոսել աշխարհի հետ: Ուրիշ ո՞ր լեզվով կարող ես խոսել: Իսկ մշակույթի ամենամեծ լսարանն ունեցող արվեստը կինոն է, որը թույլ է տալիս միանգամից խոսել հազար մարդու, տասը հազար մարդու հետ… Եթե մենք լինեինք շատ ուժեղ երկիր ու շատ հարուստ, գուցե դա մեզ այսչափ պետք չլիներ: Մենք կարող էինք խոսել փողի լեզվով, գազի, նավթի լեզվով, կարող էինք խոսել զենքի լեզվով, բաց մենք չունենք այդ ամենը, մենք ունենք մշակույթի լեզուն: Զենք ու զորք էլ ունենք շատ լավ, բայց աշխարհի հետ մենք կարող ենք խոսել մշակույթի լեզվով:

Եթե ամփոփենք՝ ինչպիսի՞ն եք տեսնում Կինոմիության հետագա գործունեությունը:

– Երիտասարդության տարիներին ես եղել եմ շատ հեղափոխական մարդ՝ Ազգային ժողով գրավելով, միտինգներով, պատերազմով, և այլն, և այլն… Ես տեղս չեմ գտել միշտ, հետո, երբ մեծացա, կարծում եմ՝ մեջս մի քիչ իմաստնություն մտավ, և ես հասկացա, որ կայունությունը լավ է: Ես կցանկանայի, որ միությունը նույնպես լիներ կայուն կառույց: Չեմ ուզում հեղափոխական փոփոխություններ: Իհարկե, պետք է արվեն փոփոխություններ, պետք է զարգացում, բայց հեղափոխություն՝ ոչ: Որովհետև հեղափոխություններից հետո միշտ ինչ-որ բան քանդվել է, ինչ-որ բան վերացել է: Ես չեմ ուզում, որպեսզի նույնն արվի միության հետ:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս