Եվրահանձնաժողովը ԵՄ-ի հարկային բարեփոխում է առաջարկել
Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 4-ին հրապարակել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) համակարգի ընդգրկուն բարեփոխման պլանը, որի թերությունները թույլ են տալիս անբարեխիղճ ընկերություններին խույս տալ տարեկան մինչեւ 150 մլրդ եվրո ընդհանուր գումարի հարկերի վճարումից:
Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է տնտեսական ու ֆինանսական հարցերի, հարկման եւ մաքսային միության եվրոկոմիսար Պիեռ Մոսկովիսին:
«Այս նախագիծը թույլ կտա զգալիորեն պարզեցնել ԱԱՀ-ի գանձման սկզբունքները եւ ամենանշանակալից բարեփոխումը կդառնա վերջին 25 տարում: Մենք ակնկալում ենք, որ այս համակարգը գործողության մեջ կմտնի 2020 թվականին»,-ասել է Մոսկովիսին: Նրա խոսքով՝ նոր համակարգի գլխավոր բաղադրատարրերից մեկը պետք է դառնա ԱԱՀ-ի գանձման սկզբունքների, ինչպես նաեւ արտոնությունների բազմաթիվ համակարգերի եւ ԵՄ-ի երկրների միջեւ անդրսահմանային գործարքներ կնքելիս այդ հարկի վերադարձման վերանայումը:
Եվրահանձնաժողովն առաջարկել է հարկային հայտարարագրերի համար միասնական պորտալ ստեղծել Եվրամիության բոլոր երկրներում, այդպիսով ԱԱՀ-ն եվրոպական մաքսային միության ներսում անդրսահմանային տրանզակցիաների դեպքում կգանձվի նույն այն կանոնների հիման վրա, ինչ եւ ազգային գործարքների դեպքում ԵՄ-ի երկրներից յուրաքանչյուրում:
Այս սկզբունքը նաեւ թույլ կտա պարզեցնել հարկային հաշվետվության նորմերը՝ բիզնեսը լիովին ազատելով ԵՄ-ի ներսում անդրսահմանային գործարքների առանձին հայտարարագրման անհրաժեշտությունից:
Այս համակարգի իրագործման համար մնում են մի ամբողջ շարք խութեր, ինչպես նաեւ ԵՄ-ի բոլոր 27 երկրների կողմից այդ նախագծի հաստատման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խնդիր կարող Է դառնալ Եվրամիության երկրներում ԱԱՀ-ի մակարդակների ներդաշնակեցման բացակայությունը, որը Լյուքսեմբուրգում 15 տոկոսից տատանվում է մինչեւ 25 տոկոս՝ Դանիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: