Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը արդյունավետորեն և դինամիկ զարգանում է, ինչի գործնական արտահայտություններից է նաև Եվրամիության օժանդակությամբ երեկ բացված Բավրայի նորակառույց սահմանային անցակետը: Հանձնակատար Հանի հավաստմամբ, մասնագիտացված ծառայության՝ Սահմանային և առափնյա հսկողության եվրոպական գործակալության (Frontex) գնահատմամբ՝ Բագրատաշենի և Բավրայի անցակետերը լավագույններից են Եվրոպայի սահմաններից դուրս:
Նախագահ Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Հանը ԵՄ Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից առաջ քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, նախանշել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ հետագա քայլերը, անդրադարձել նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական փուլի աշխատանքներին:
Հանդիպմանը Հանրապետության Նախագահը և հանձնակատար Հանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: