«Հայաստանը մտադիր է ընդլայնել ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում». Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը սերտ հարաբերություններ ունի Եվրամիության հետ և մտադիր է ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մեր շփումները, հանդիպումները, երկխոսությունները պարբերական բնույթ են կրում: Այսօրվա այցելությունը ևս մեկ հնարավորություն է ընձեռում շարունակել մեր քննարկումները Երևանում: Եվրամիությունը նշանակալի աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ընթացող բարեփոխումներին, սատարում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական ինստիտուտների առավել ամրապնդմանը և դատական համակարգի արդյունավետ կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ջանքերին:

Ես կցանկանայի հատուկ ընդգծել մեր համագործակցությունը նախորդ տարի ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագրի ոգուն համապատասխան վերջին երկու տարիների ընթացքում մեր համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է գրանցել»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը միացել է «Հորիզոն 2020»-ին, ավարտվել են «Ստեղծագործ Եվրոպա», «Ընդհանուր ավիացիոն գոտու միանալու» մասին բանակցությունները, ավարտվել է նաև Հայաստանի և Եվրամիության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը:

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ նախաստորագրվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկը կարելի է համարել:

Կարդացեք նաև

«Յոհաննես Հանի հետ հանդիպմանը բրյուսելյան գալիք գագաթնաժողովին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների մասին քննարկումները կարևոր տեղ են զբաղեցրել»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նա ներկայացրեց, որ Յոհաննես Հանի հետ նաեւ քննարկել է տարածաշրջանային խնդիրները՝ Մերձավորարևելյան իրավիճակը, զարգացումները Սիրիայում:

«Պարոն Հանին ներկայացրի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստման մասին: Պարոն Հանը վերահաստատեց Եվրամիության անվերապահ և ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին»,- ասաց Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս