Աֆղանստանում, Իրաքում և ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները ԱՄՆ-ի վրա նստել է 1,7 տրլն դոլար
Աֆղանստանում, Իրաքում եւ մի շարք այլ երկրներում ռազմական գործողությունները, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը 2001 թվականից ի վեր ԱՄՆ-ի վրա նստել Է 1,7 տրլն դոլար: Այս գնահատականներն են տալիս Նորթհեմփթոնում (Մասաչուսեթսի նահանգ) «Ազգային գերակայությունների նախագիծ» հետազոտական կազմակերպության փորձագետները: Այն զբաղվում է պետական բյուջեի ծախսերի վերլուծությամբ։
Կազմակերպությունն իր կայքում զետեղել է մի քանի էլեկտրոնային տաբլոներ, որոնց վրա իրական ժամանակի ռեժիմով ցուցադրվում է, թե ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ որքան են ծախսում պատերազմների վրա (2001 թվականից ի վեր) եւ առանձին ռազմարշավների վրա, մասնավորապես, Աֆղանստանում, Իրաքում եւ ԻՊ-ի դեմ:
Փորձագետների տվյալներով՝ աֆղանական պատերազմում, որը Վաշինգտոնն սկսել է 2001 թվականի հոկտեմբերին, արդեն ծախսվել է ավելի քան 785 մլրդ դոլար: «Հարկատուներն ԱՄՆ-ում ամեն ժամ այդ գործողության համար վճարում են 4 մլն դոլար»,-նշվում է կայքում:
2003 թվականի մարտին Իրաքում սկսված գործողության վրա ծախսվել է գրեթե 821 մլրդ դոլար: ԻՊ-ի զինյալներին դիմակայելու վրա՝ 17 մլրդ դոլար, եւ «ամեն ժամ հարկատուները ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունների համար վճարում են 615,5 հազար դոլար»,-նշում են փորձագետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: