Monarch Airlines բրիտանական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները, տուժել է 110 հազար ուղևոր
Monarch Airlines բրիտանական ավիաընկերությունը տնտեսական դժվարությունների կապակցությամբ դադարեցրել է թռիչքները, տուժել են արտասահմանում գտնվող 110 հազար ուղեւորներ, նաեւ չեղարկված է 300 հազար ամրագրում: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է Միացյալ Թագավորության Քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
«Մենք, ցավոք, պետք է հայտարարենք, որ ընկերությունը դադարեցնում է թռիչքները»,- Monarch Airlines-ի հայտարարուըթյունը մեջբերել է Reuters գործակալությունը:
«Սա խոշորագույն բրիտանական ավիաընկերություն է, որը երբեւիցե հայտնվել է արտաքին կառավարման ներքո»,-նշել են Քաղաքացիական ավիացիայի վարչությունում: Ըստ նրա տեղեկատվության՝ Բրիտանիայի կառավարությունը դիմել է գերատեսչությանը՝ խնդրելով 30-ից ավելի ինքնաթիռներ վարձել ավիաուղեւորներին հայրենիք տեղափոխելու համար:
Տրանսպորտի եւ արտաքին գործերի նախարարությունների հայտարարության համաձայն, Մեծ Բրիտանիայի իշխանություններն սկսել են խաղաղ ժամանակ խոշորագույն գործողությունը տուժած ուղեւորներին բրիտանական կղզիներ վերադարձնելու նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: