Բաժիններ՝

Շիրակի մարզպետը խոստումներ չի տալիս, որ վաղն իրավիճակը լավ կլինի

Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանն ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը: Շիրակի մարզպետարանն այդ կապակցությամբ տարածել է ներկա մարզպետի տեսանյութը, որում մարզպետն ասում է.

– Ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ մարզի առաջ ծառացած խնդիրներն ունեն տարիների պատմություն, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, ուստի կարծել, թե կարելի է  կարճ ժամանակահատվածում խնդիրները լուծել, արձանագրել արմատական, էական փոփոխություններ, այդքան էլ իրատեսական չէ: Իհարկե, այս ժամանակահատվածում լուծել ենք խնդիրներ, որոնք հրատապ են եղել, անմիջական, կետային լուծում են պահանջում:

Լինի դա Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ 13 շենքի բնակիչների տեղահանման և բնակարանների գնման վկայագրերով ապահովումը, Գյումրի գետակի մաքրումն աղբից, շաբաթօրյակների կազմակերպումը, բայց ավելի խորն, արմատական լուծումների համար, իհարկե, ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Այդ ժամանակահատվածն օգտագործել ենք՝ մարզպետարանի ամբողջ թիմով պլանավորելու մեր հետագա անելիքները: Բազմաթիվ այցելություններ ենք կատարել մեր մարզի գյուղական և քաղաքային համայնքներ, հանդիպումներ ունեցել բնակիչների, գյուղացիների, ֆերմերների հետ, գործարարների, ֆինանսական հատվածի ներկայացուցիչների, զբոսաշրջության ներկայացուցիչների, հյուրանոցների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականության հետ՝ պարզելու համար՝ որոնք են այն հիմնական խնդիրները, որոնք մտահոգում են մեր բնակիչներին, և որոնք են այդ խնդիրների լուծման ուղղությունները:

Մեր մոտեցումները քննարկել ենք ՀՀ վարչապետի և կառավարության մի քանի անդամների հետ, ովքեր այս տարի սեպտեմբերին արտագնա խորհրդակցություն էին կազմակերպել մարզում: Այս տարի ընդունվեց մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը, և մեր հիմնական ջանքերը նպատակաուղղված են եղեկ այդ ռազմավարությամբ  նախատեսված ծրագրերի պլանավորմանը:

Կարդացեք նաև

Ըստ Շիրակի մարզպետի, մարզում զարգացման 4 ուղղություն է նախատեսված՝ գյուղատնտեսություն, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում, ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն.

– Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր մարզի բնակչության եկամտի զգալի աղբյուրը: Առաջին անգամ մեր մարզի պատմության ընթացքում մեր առաջ խնդիր ենք դրել՝ զարգացնել ինտենսիվ այգեգործությունը և անցում կատարել  բարձրարժեք մշակաբույսերի մշակմանը: Մեր հիմնական խնդիրն է լինելու՝ ջուրը բերել, հասցնել այն գոտիները, որտեղ մենք կարող ենք զարկ տալ ինտենսիվ այգեգործությանը: Մենք չենք կարող հավուր պատշաճի օգտագործել մեր գյուղատնտեսության՝ օրգանական լինելու հանգամանքը, սերտիֆիկացման արդյունքում կարողանանք ապահովել մեր գյուղատնեսական արտադրանքի՝ կաթնամթերքի մուտքը դեպի միջազգային շուկա:

Ա.Խաչատրյանը հաջորդ խնդիրը համարում է փոքր և մջին ձեռնարկությունների և ընդհանրապես ձեռնարկատիրության զարգացումը, որտեղ մենք ունենք երկու հիննական խնդիր՝ ձեռնարկատիրությունը՝ որպես արհեստ և գիտություն,  և ֆինանսավորումը:

– Մենք աշխատելու ենք բարձրացնել մեր և նոր սկսնակ ձեռնարկատերերի ձեռնարկատիրական գիտելիքները: Նորարարական և տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են հանդիսանալ մեր մարզի տնտեսության ողնաշարը: Այստեղ մենք փակ սահմանների սահմանափակում չունենք: Այստեղ կարևոր են կրթությունը և միտքը: Աշխատել և աշխատելու ենք տեխնոլոգիական կենտրոնի բազայի հիման վրա զարգացնելու այս ուղղությունը: Վարչապետից հստակ առաջադրանք ունենք 2017-2018 թվականների ՏՏ ոլորտի հիմնական միջոցառումները Գյումրիում կազմակերպելու:

Շիրակի մարզպետն անդրադառնում է նաև մարզում զբոսաշրջության զարգացմանը: Նշենք, որ այս հարցին մեծ ուշադրություն է դարձնում նաև Գյումրու քաղաքապետը, սակայն ո´չ մարզում, ո´չ էլ քաղաքում այն այդպես էլ չի զարգանում:

Ա. Խաչատրյանն անհասկանալի տերմիններ է օգտագործում՝ մասնավորապես, նշելով. «Զբոսաշրջությունը դա նավթ է, որը երբեք չի վերջանում»:

Այնուհետև մարզպետն ասում է, որ զբոսաշրջային ինդուստրիան ամբողջ աշխարհում գնալով աճում է՝ նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում.

– Գյումրին ՀՀ այն եզակի քաղաքներից է, որը պահպանել է քաղաքային կոլորիտը: Կորսվում է դա ամբողջ աշխարհում, այստեղ մենք կարողացել ենք դա պահպանել: Ռուսթավելի փողոցի, քաղաքի վերանորոգումը կարող են տասնյակ և հազարավոր տուրիստներ բերել Գյումրի և հարակից շրջաններ: Պատմաճարտարապետական և կրոնական տուրիզմի համար նույնպես մենք նախադրյալներ ունենք: Վերջապես արկածային և գյուղական տուրիզմը. մարզի հյուսիսը հրաշալի վայր է՝ տուրիզմի այդ ուղղությամբ զարգացման համար:

Շիրակի մարզպետը խոստումներ չի տալիս, որ վաղն իրավիճակը լավ կլինի, բայց շեշտում է՝ եթե կարողանանք համախմբվել, ստեղծել լավատեսական մթնոլորտ, կկարողանանք լուծել խնդիրների մեծամասնությունը:

Հավելենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանն իր պաշտոնում նշանակվեց 2017 թվականի հունիսին, երբ ՀՅԴ Գերագույն մարմնի խորհրդում որոշում էր կայացվել, որ Շիրակը նոր մարզպետ է ունենալու է: Ա.Խաչատրյանը ՀՅԴ անդամ է, մասնագիտությամբ՝ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Ամուսնացած է, ունի ավագ լեյտենանտի կոչում:

Շիրակի նախկին մարզպետներն են եղել Արարատ  Դվինի  Գոմցյանը՝ 1996-1999 թվականներին, Ֆելիքս  Աշոտի  Փիրումյանը՝ 1999-2003 թվականներին, Ռոմիկ  Շավարշի  Մանուկյանը՝ 2003-2007 թվականներին, Լիդա  Բալաբեկի  Նանյանը ՝ 2007-2010 թվականներին, Աշոտ  Անդրանիկի  Գիզիրյանը՝  2010-2013 թվականներին, Ֆելիքս Խոստեղի Ցոլակյանը՝ 2013-2016 թվականներին, և Հովսեփ Կորյունի Սիմոնյանը՝ 2016-2017 թվականներին: Վերջինս գիտակ ֆինանսիստ է, այժմ «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարն է:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս