«Շնորհիվ GSP համակարգի՝ Հայաստանում արտադրված ապրանքները ԱՄՆ են արտահանվում առանց մաքսատուրքի». Գարեգին Մելքոնյան
Հայ-ամերիկյան առևտրի պալատի նախագահ Արա Հովհսեփյանն այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպած համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ պալատը մի քանի տարիների ընթացքում սատարել է հայ գործարարներին, որպեսզի նրանք կարողանան արտահանումներ իրականացնել դեպի ԱՄՆ՝ օգտվելով GSP համակարգից. «Դրական տեղաշարժ կա այս ուղղությամբ»։
Հարցին՝ վերջին տարիներին հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունն անկում է ապրում, ի՞նչ է անում Հայ-ամերիկյան առևտրի պալատն այդ վիճակը շտկելու համար, նա այսպես պատասխանեց. «Մենք մեր առավելագույնը անում ենք, այսինքն՝ հնարավորինս ներկայացնում ենք, թե ինչպե՞ս կարելի է համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Թե ինչքանով է դա հաջողվում՝ ամեն մի տնտեսվարող սուբյեկտի խնդիրն է։ Մեր կազմակերպությունը կարող է ուղղակի հարցը բարձրացնել, իսկ թվերը տարբեր են»։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն էլ նշեց, որ շնորհիվ GSP համակարգի՝ Հայաստանում արտադրված ապրանքները ԱՄՆ են արտահանվում առանց մաքսատուրքի.
«Հայաստանի արտահանողների կեսից ավելին օգտվում է այս համակարգից։ Համակարգը շատ կարևոր է մեր գործարարների համար, որովհետև դա նպաստում է ֆինանսական ռոսուրսների տնտեսմանը, մեր տեղական ծագում ունեցող ապրանքների՝ ամերիկյան շուկայում ավելի մատչելի գներով իրացվելուն»։
Նրա խոսքով՝ 2016թ. ընթացքում և 2017թ. առաջին կիսամյակի կտրվածքով հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունն աճել է. «Ես միշտ կարծում եմ, որ կարելի է անել ավելին։ Արդյունաբերական արտադրանքից ամենախոշոր արտահանվող ապրանքախումբը այլումինե նրբաթիթեղն է, որը որպես վերջնական արտադրանք է արտահանվում ԱՄՆ։ Այնուհետև դեպի ԱՄՆ արտահանվող ապրանքներից են՝ վերամշակված սնունդը, ոսկերչական իրերը և այլն»։