«Ինձնից իմ ազատությունն են խլել՝ անդառնալի ցավ ու վիշտ, կորուստներ պատճառելով ծնողներիս ու ընտանիքիս…»
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աշոտ Հակոբյանը բաց նամակով դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին։ Դատապարտյալը «ՀՔԾ գեներալը ստում է…» վերտառությամբ բաց նամակն ուղարկել է նաև «168 Ժամի» խմբագրություն։
19 էջից բաղկացած բաց նամակում դատապարտյալ Աշոտ Հակոբյանը պնդում է, որ ապօրինի է ձերբակալվել և դատապարտվել 11 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Աշոտ Հակոբյանի պնդմամբ՝ այս տարիների ընթացքում բանավոր և գրավոր դիմումների, հայտարարությունների, հաղորդագրությունների տեսքով հանցագործությունների մասին բազմաթիվ փաստեր է ներկայացրել իրավապահ մարմիններին, սակայն դրանք այդպես էլ պատշաճ քննության առարկա չեն դարձել։ Ըստ Աշոտ Հակոբյանի՝ առկա են մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ ինքը ոչ մի հանցանք չի կատարել, իսկ իրավապահ համակարգի գործողությունների հետևանքով իրական հանցանք կատարող անձինք անպատիժ են մնացել։
Աշոտ Հակոբյանն անազատության մեջ է 10.04.2010թ.-ից։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2011թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով նա մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը) առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 11 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանի՝ 2012թ. ապրիլի 19-ի որոշմամբ՝ ներկայացված բողոքները մերժվել են, կայացված դատական ակտը թողնվել է օրինական ուժի մեջ։ 2012թ. հունիսի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է բերված բողոքները, և դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։
Բաց նամակում Աշոտ Հակոբյանը նշում է, որ հրաժարվել է «հանցավոր համաձայնության գալ» դատախազի հետ և նրան 60 մլն դրամ գումար տալ՝ որպես կաշառք, ինչի արդյունքում ձերբակալվել է: Ըստ դատապարտյալի՝ իրեն առաջադրվել է անօրինական, անհեթեթ, անտրամաբանական մեղադրանք, որն իրականության հետ բացարձակ կապ չունի։ «Ինձ առաջադրված մեղադրանքը ի սկզբանե շինծու, հապշտապ հորինված, անհեթեթ, անտրամաբանական, այդ թվում՝ հենց իրավաբանորեն անտրամաբանական մեղադրանք է»,- նշում է դատապարտյալը։ Միևնույն ժամանակ, ըստ Աշոտ Հակոբյանի, իրավապահ համակարգը սատարել ու պաշտպանության տակ է վերացրել իրական հանցագործներին։
Բաց նամակում դատապարտյալը հայտնում է, որ իրական հանցագործների կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ դիմումներ է ներկայացրել ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նաև ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, սակայն 2017թ. Ազգային անվտանգության ծառայությունից, ինչպես նաև Գլխավոր դատախազությունից «միանման, ոչինչ չասող» պատասխաններ է ստացել։ Մասնավորապես, ՀՔԾ պետի տեղակալ Մ. Բաբայանը հայտնել է, որ ծառայությունում ստացվել ու քննարկվել է ՀՔԾ պետին և մի շարք այլ պաշտոնատար անձանց հասցեագրված դիմումը։ ՀՔԾ պաշտոնյան հայտնել է, որ դիմումում նշված հանգամանքներն արդեն իսկ քննության առարկա են դարձել նախկին տարիներին քննված քրեական գործերով կամ նախապատրաստված նյութերով, և դրանց տրվել է համապատասխան գնահատական։
Բաց նամակում, սակայն, Աշոտ Հակոբյանը հակառակն է պնդում։ Դատապարտյալը նշել է, որ 4 տարի առաջ՝ 2013թ. հուլիսի 22-ին, «Հրազդան» ՔԿՀ-ում հանդիպել է Մուշեղ Բաբայանին, մանրամասն պատմել, նաև ցուցմունք է գրել, բայց, ամիսներ անց առանց որևէ առերես հարցաքննության՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին անօրինական որոշում է կայացվել, «որտեղ արձանագրված ոչ մի փաստ չէր համապատասխանում իրականությանը»։
Ըստ նրա՝ եթե իր կողմից դիմումում նշված հանգամանքները քննության առարկա դարձած լինեին, ապա իրական հանցագործները պետք է իրենց պատիժը կրեին կատարված հանցանքների համար։ Դատապարտյալի պնդմամբ՝ ՀՔԾ պետի տեղակալի գրության մեջ արձանագրվածը չի համապատասխանում իրականությանը. «Թող ամբողջ շինծու քրեական գործից ցույց տա դիմումում նշված փաստերից գոնե մեկը, որն իրոք քննության առարկա է դարձել նախորդ տարիներին քննված քրեական գործերով կամ նախապատրաստված նյութերով և համարվում է արժանահավատ»։
«Եթե, ինչպես նախաքննական մարմինները, նաև նրանց հսկողությունն իրականացնող մարմինները, հետագայում նաև ԱԱԾ քննչական վարչությունը կատարեին օբյեկտիվ իրականությունը պարզաբանելու համար համապատասխան քննչական գործողությունները, որը ինչ-ինչ պատճառներով չեն կատարել, ապա պատկերն այլ կլիներ, և կպատժվեին իրական մեղավորները։ Եթե ես իրոք հանցանք գործած լինեի, ապա իմ գրած 19.02.2010թ. դիմում-հաղորդումը այլ բան է ապացուցում։ Ամբողջ շինծու քրեական գործում բազմաթիվ են կատարված, բայց արհամարհված ու անհետևանք թողած, նաև դեռ չբացահայտված հանցարարքներ։ Չեն բացահայտել, որովհետև իրենց հարկավոր չի եղել, երևի հրահանգ այդպես են ստացել։ Առաջնային է եղել կեղտոտ մեթոդներով շինծու քրեական գործեր հարուցելը և իրական հանցանք կատարողներին մեղադրանք չառաջադրելն ու հովանավորելը…»,- բաց նամակում նշել է դատապարտյալը՝ հավելելով, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին անօրինական որոշմամբ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչը կանաչ լույս է վառել իրական հանցագործների առջև, ստանձնել հանցագործներին հովանավորելու և պաշտպանության տակ առնելու գործառույթն այն դեպքում, երբ, ըստ նրա, բավարար փաստեր և հիմնավորող փաստաթղթեր էին առկա։
«Քանի որ փաստերը և հիմնավորող փաստաթղթերն անչափ շատ են, ուստի վերջնականապես համոզվելով և ոչ մի հույս չունենալով, որ որևէ մի մարմին կփորձի երբևէ բացահայտել ճշմարտությունը, գոնե այսքան տարիներ հետո, ես, այլընտրանք չունենալով, պատրաստվում եմ ավելի հանգամանալից կատարվածը ներկայացնել ՀՀ նախագահին, և, եթե նախագահը իրոք պատերազմ է հայտարարել թիվ 1 անարդարությանը, համատարած կաշառքին ու կառուպցիային, գոնե թող այս կերպ բացահայտվեն կեղտոտ մեթոդներով առաջ խոյացող կաշառակեր ու անօրեն դատախազների, օրենքից իրենց վեր դասող և օրինականությանը դեմ գնացող, նաև կաշառքով անօրինական վճիռներ կայացնող դատավորների, կեղծիքներն արձանագրող ենթակա քննիչների ով լինելը, թե նրանցից ով ինչքան գումար և ինչի համար է պահանջել ու ստացել։
Նախագահը պետք է զգուշանա, հակառակ դեպքում հայտարարված պատերազմում էլ պարտություն կլինի, եթե նորից վստահի նման «օրինապահ» աշխատողներին ու նրանց հետ կաշառքի ու կոռուպցիայի դեմ պայքարի «մարտադաշտ» դուրս գա։ Նաև չպետք է հավատա նրանց ասածներին…
Ես գիտեմ ամեն ինչ և իմ իրական արդարությունն ունեմ, նաև ունեմ հանուն արդարության պայքարելու և պարտադիր հաղթանակի հասնելու անկոտրում կամք, որի համար չեմ խնայի անգամ արյանս վերջին կաթիլը։ Ես իրավաբան չեմ, և ինձ նման շատ-շատերին կարող են հեշտությամբ խաբել, բայց ի՞նչ պատասխան պիտի տան իրական իրավաբաններին, հանուն արդարության պայքարող իրավապաշտպաններին ու լրագրողներին, ովքեր ամեն ինչ լավ հասկանում են և փորձում են համակարգի ստեղծած գարշահոտ փակ շղթան քանդել, կաշառքն ու կոռուպցիան բացահայտելով ոչնչացնել…
Ինչպես հավատալ այն կեղծ գովազդներին, երբ շարունակ ցուցադրում են, որ «… քո անտարբերությամբ օգնում ես հանցագործին», երբ իրավահամակարգի զեխությամբ տառապող աշխատակիցը մինչև ատամները զինված անվախորեն կարողանում է պաշտպան կանգնել իրական հանցագործին, երբ Դատախազությունը՝ որպես մի հզոր ուժային կառույց հանցագործությունների դեմ պայքարելու, հանուն արդարության ու ազնվության պայքարելու փոխարեն՝ ինկուբատորի գործելաոճով խթանում է հանցագործությունների արագ աճին, երբ համակարգի պաշտոնյայի համար անվերապահ օրենք է դառնում մյուս պաշտոնյայի կատարած ակնհայտ կեղծիքը, ու գիտակցաբար ինքն էլ իր հերթին է կեղծիքներ հորինում և արձանագրելով՝ շարունակաբար պնդում ու պաշտպանում։
Խնդիրը ես չեմ։ Ես սովորական մահկանացու եմ, ումից կաշառք չստանալու համար վրեժխնդրությունից դրդված՝ ապօրինի ձերբակալեցին, ու կեղծ հիմքեր հորինելով՝ անօրինական դատապարտեցին՝ կործանելով ընտանիքս, կյանքս վերածելով մի մեծ ողբերգության… Խնդիրն այն է, որ արեն 10 տարի է, որ այդպես էլ իրավահամակարգը կամք չի ցուցաբերում արդարությունը վերականգնելու և իրական ճշմարտությունը բացահայտելու համար։ Դատախազության հորինած ու շարունակ պաշտպանած «այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու…», և բոլոր մեղավորներն ի հայտ գալով՝ պատասխան են տալու, եթե ոչ՝ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ պարտադիր պատասխան են տալու։ Ես այլևս ոչինչ չունեմ կորցնելու։ Կորցրել եմ նաև հավատս վաղվա օրվա հանդեպ։ Ինձնից իմ ազատությունն են խլել՝ անդառնալի ցավ ու վիշտ, նաև կորուստներ պատճառելով ծնողներիս ու ընտանիքիս… Ակնհայտ է, որ իրավահամակարգի կողմից պարտակվել է առանձնապես ծանր հանցագործություն, ու հիմա էլ, ինչպես միշտ, շարունակաբար փորձ է արվում կոծկել կատարվածը՝ տալով անիմաստ, ոչինչ չասող պատասխաններ»,- բաց նամակում նշել է Աշոտ Հակոբյանը։
Բաց նամակում դատապարտյալը ներկայացրել է հանգամանքներ, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ ինքը հանցանք չի գործել և հանցավոր համաձայնության չի եկել՝ «Շենգավիթ» ՍՊԸ-ին տրված վարկային գումարները հափշտակելու համար, ինչպես նշված է իրեն առաջադրված մեղադրանքում։
Աշոտ Հակոբյանի պնդմամբ՝ իր կողմից ներկայացված դիմումներում ներկայացված բոլոր փաստաթղթերն ապացուցում են իր անմեղությունը, վկայում այն մասին, որ ջանք ու եռանդ չի խնայել և օժանդակել է իրավապահ մարմիններին՝ կատարված հանցագործությունները և իրական հանցանք կատարողներին ու նրանց հովանավորողներին կարճ ժամանակահատվածում ջրի երես հանելու համար՝ «փորձելով նման կերպ օբյեկտիվ իրականությունը և ճշմարտությունը պարզաբանելով՝ պայքարել հանուն արդարության ու ազնվության։ «Այն, ինչը 2008թ. առ այսօր կատարել, կատարում և շարունակելու եմ կատարել, մինչև արդարության հաղթանակին հասնելը»,- արդարության հասնելու իր պատրաստակամության մասին հայտնել է «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալը։
Բաց նամակով Աշոտ Հակոբյանն առերես հանդիպում է խնդրում ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանից, «եթե, իհարկե, պարոն Շահինյանը պատրաստ է պայքարելու հանուն արդարության ու ազնվության և կցանկանա բացահայտել իրական ճշմարտությունը»։