«Խոսքը չի գնում արտագնա աշխատողների ընտանիքներին նպաստից զրկելու մասին». Արտեմ Ասատրյանը պարզաբանում է
«Քաղաքացիներին ծառայությունների մատուցումը կատարելագործելու աշխատանքները շարունակական բնույթ են կրում, և սա երկու պետական մարմինների՝ իրար հետ համագործակցության ևս մեկ լավ օրինակ է»,- այսօր ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրավիրած միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ միջոցառման ընթացքում հայտարարվեց երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու հեշտացված գործընթացի մասին, որը հնարավոր է դարձել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերը համակցելու արդյունքում:
Այսուհետ հնարավոր է լինելու երեխայի ծնունդը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցելիս նաև իրական ռեժիմում լրացնել երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու մասին դիմումը:
Ա. Ասատրյանի խոսքով՝ քաղաքացին իր համար անհրաժեշտ ծառայությունը ստանալու համար մեկ պետական մարմին դիմելով՝ ունենում է հնարավորություն անմիջապես դիմելու նաև սոցիալական ծառայություններից օգտվելու, ինչը նշանակում է, որ քաղաքացու համար շատ ավելի «մատչելի» է դառնում այդ գործընթացը:
«Առաջիկայում նախատեսում ենք նաև նոր ծառայություններ ընդգրկել այս ցանկի մեջ, որը մեծապես հեշտացնելու է մեր քաղաքացիների՝ ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Մասնավորապես, մենք խնդիր ունենք ոչ միայն առաջին, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման այս ձևաչափով անելու, այլև երրորդ և հաջորդ երեխաների: Արդարադատության նախարարության հետ նախատեսել ենք, որ այս աշխատանքները շարունակվելու են համատեղ, և 2018 թվականի հունվարի 1-ից պետք է անցում կատարենք երրորդ և հաջորդ երեխաների համար ծննդյան միանվագ նպաստն այս ձևաչափով նշանակելուն»,- նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ օրերս շրջանառության մեջ էր մտել արտագնա աշխատողների նպաստի հարցը:
Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ արտագնա աշխատողները նպաստից կզրկվեն, չէ՞ որ նրանք նույնպես սոցիալապես խոցելի խումբ են համարվում, Ա. Ասատրյանն այսպես պատասխանեց.
«Մեկնաբանության հետ բացարձակ համաձայն չեմ, որովհետև խոսքը չի գնում արտագնա աշխատողների ընտանիքներին նպաստից զրկելուն, նման խնդիր դրված չէ ու չի կարող լինել: Մենք ունենք անապահովության գնահատման համակարգ, որը համապատասխան չափորոշիչներով գնահատում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության մակարդակը:
Դուք գիտեք, որ բազմաթիվ ցուցանիշներ և գործոններ են ազդեցություն ունենում անապահովության գնահատման վրա, այդ թվում՝ նաև եկամուտ ունենալը կամ չունենալը: Տվյալ դեպքում, խնդիրը վերաբերում է նրան, որ, եթե այսօր մենք եկամուտների հետ կապված առկա տեղեկատվական շտեմարաններից կարողանում ենք ճշտել՝ ինչքան եկամուտ կա տվյալ ընտանիքում, եթե ունենում ենք որևէ ընտանիքում բացակա անդամ, ընդամենը խնդիրը վերաբերում է՝ ճշգրտելու տվյալ անձի բացակայության հանգամանքը՝ որպես գործոն, որը պետք է հաշվի առնվի անապահովության գնահատումն իրականացնելիս: Եթե չկա եկամուտ, ուրեմն եկամուտ հաշվի չի առնվելու: Մենք ասում ենք՝ եթե կա եկամուտ, այն պետք է արտացոլվի տեղեկատվական համակարգում, և դրա հիման վրա որոշվի անապահովության միավորը»:
Խոսելով նպաստների չափերի հնարավոր վերանայումների մասին՝ Ա. Ասատրյանն ասաց, որ 2018 թվականի բյուջեի քննարկումները նոր են սկսվել, այս պահին դեռևս հստակ որևէ տվյալ չի կարող ասել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: