Բաժիններ՝

«Երեխաների նպաստները ստանալու գործընթացը հեշտացվում է». Դավիթ Հարությունյան

«Աշխարհը փոխվում է, և էլեկտրոնային միջոցներն ընձեռում են նորանոր հնարավորություններ. այսօր ընդամենը քայլերից մեկն ենք ձեզ ներկայացնում»,- այսօր ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրավիրած միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Միջոցառման ընթացքում հայտարարվեց երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու հեշտացված գործընթացի մասին, որը հնարավոր է դարձել ՀՀ արդարադատության նախարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերը համակցելու արդյունքում: Այսուհետ հնարավոր է լինելու երեխայի ծնունդը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցելիս նաև իրական ռեժիմում լրացնել երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու մասին դիմումը:

Նախարար Դ. Հարությունյանի խոսքով՝ այսպիսով կարողանում են նվազեցնել ոչ միայն վարչարարությունը, այլև կոռուպցիոն ռիսկերը, կրճատել ժամանակը, ռեսուրսները:

«Այդ աշխատանքն անընդհատ կատարվելու է, անընդհատ նորանոր ծառայություններ ենք մտցնելու, որոնք կսպասարկվեն մեկ պատուհանի սկզբունքով: Վերջերս մենք կատարել էինք մի կարևոր քայլ, երբ անձը, որպեսզի կարողանար քաղաքացիական կացության ակտերի  գրանցման համար ծնունդը գրանցել, պարտավոր չէր ներկայացնել, ենթադրենք, համապատասխան բժշկական հաստատությունից հաստատված տեղեկանքներ, դրանք արդեն փոխանցվում էին էլեկտրոնային եղանակով:

Կարդացեք նաև

Այսօր կատարում ենք հաջորդ քայլը, երբ անձը, որպեսզի ստանա երեխայի ծննդյան համար նախատեսվող նպաստը, պարտավոր չէ օգտագործել մի քանի մարմինների ծառայություններ, այլ ուղղակի համապատասխան բաժնում, երբ գրանցում է երեխայի ծնունդը, ընդամենը ներկայացնում է իր հաշվեհամարը, և այդ ամենը կկատարվի  ինքնաշխատ եղանակով: Սա քայլերից ընդամենը մեկն է, և մենք անընդհատ ներկայացնելու ենք նորանոր ծառայություններ, որոնք մատուցվելու են հեշտացված»,- նշեց Դ. Հարությունյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ նման մեխանիզմ օգտագործվի նաև հաշմանդամության կարգ տրամադրող հանձնաժողովների դեպքում, որովհետև այդտեղ կոռուպցիոն ռիսկերը շատ են, նախարարն այսպես պատասխանեց. «Բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է զննել մարդուն, բնականաբար, այդ բոլոր ծառայությունները կամաց-կամաց անցնելու են էլեկտրոնային եղանակի, ավելին, եթե կարողանանք իրականացնել մոբայլ ID-ի գաղափարը, ապա այդ ծառայությունների զգալի մասը հնարավոր կլինի ստանալ հենց համակարգչից կամ բջջային հեռախոսից՝ առանց գնալու համապատասխան մարմին»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է՝ նպաստների չափերը փոխվեն, որովհետև շատ ծնողներ բողոքում են դրանցից: Ի պատասխան՝ Դ. Հարությունյանն ասաց.

«Մենք ունենք որոշակի ռեսուրսներ, այսինքն՝ միշտ կարելի է նման հարց տալ՝ արդյոք աշխատավարձերը բավարարո՞ւմ են, կենսաթոշակները բավարարո՞ւմ են, նպաստները բավարարո՞ւմ են, արդյոք մենք մեր ռազմական ուժերի վրա ծախսո՞ւմ ենք այնքան գումար, ինչքան անհրաժեշտ է, ոչ, միշտ լրացուցիչ կարիքներ կան, բայց մենք ունենք այս հնարավորությունը և փորձում ենք այդ հնարավորությունն առավելագույնս որակյալ մատուցել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս